Հավատարմություն
Նմանատիպ
Թե իմանայիր,
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,
Երբ թվացել է` մարել են դարձիդ բոլոր հույսերը,
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային,
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը:
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել,
Շամպայնի նման խշշացող, կանչող, արբեցնող առու,
Բայց ես թեքել եմ, թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Սիրել եմ նետել խոսքեր երկսայրի,
Որ դիմացինին շփոթեցրել են, մտքերը շեղել,
Բայց և նույն պահին բեկել եմ, փոխել
Աչքերիս կանաչ ազդալույսերը սթափ կարմիրի
Եվ փակել բոլոր ճանապարհները:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը.
Բայց երբ գիշերը
Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհը իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը:
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլել եմ նորից,
Թեև անհայտ է եղել կայանը…
Մի ժպտա այդպես.
Հավատարիմ եմ մնացել ես ինձ,
Իմ հոգու լույսին, իմ էությանը,
Ինձ և ոչ թե քեզ…
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում