«Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ»

«Մեր հին երգերից հայկականություն է բուրում, անուշ բուրմունք է տալիս։ Նրանց միջավայրում հայի ակունքներն են արթնանում։ Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ։ Սիրելիներս, վատը կտեսնեք՝ լավ մնացեք, չարը կտեսնեք՝ բարի մնացեք, ծույլին կտեսնեք՝ աշխատասեր մնացեք, վախկոտը կտեսնեք՝ քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք»:

«Երգերը ծառաբնի նման իրենց մեջ են կրում ժողովրդի տարիքը, պատմության շերտերը և հերիք է երգը մոտեցնես շուրթին, որ լսվի բարձրացող քաղաքների շնչառությունը, տաճարների տագնապած զանգերը, կռվող բերդերի թնդյունը»:

«Երբ հնչում են այդ երգերը, իմ հոգու վրա խաղաղություն է իջնում, որ երգը շարունակում է ապրել, շարունակում է փոխանցվել սերունդներին։ Ես օրհնում եմ բոլոր նորերին, որ երգում են, օրհնում եմ բոլոր նորածին խմբերը, իմ սերն ու ցանկությունն եմ փոխանցում նրանց։ Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք»:

«Երգ հավաքելը, կատարելն ու տարածելը սուրբ զգացում է։ Երգը մարդու հոգին մաքրում է ։ Երգը հզորագույն դաստիարակիչ միջոց է։ Մշակույթի մեջ երգն իր պատվավոր տեղն ունի»։
«Ակունք»-ի վերածնունդն ինձ համար հոգեկան ամենամեծ մխիթարությունն է, իմ ամենամեծ երջանկությունը, նաև իմ մեծագույն հաղթանակը։ Սա վկայություն է, որ մեր երկրում բարձրանում է մեր ժողովրդի՝ սրտից-սիրտ, շուրթից-շուրթ անցած, գեղեցիկ մշակված երգարվեստը։ Ես իմ ժողովրդի ապագային հույսով եմ նայում, հավատով եմ նայում»։

Հայրիկ ՄՈԻՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում