Գևորգ Էմին. Կենսագրություն
Նմանատիպ
Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում:
1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է:
1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում: 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։ Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։
Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որը արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝, « Պրոմեթևս – 69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված, «Անձրևի երաժշտություն» դրաման։ Գ.Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984) գրքում։
Գ. Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում