ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպանին

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության գծով դեսպան Շին Մարուոյին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց բարեկամական Ճապոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա զգալի խթան հանդիսացավ հայ-ճապոնական համագործակցության զարգացման և ամրապնդման համար, և Տոկիոյում ձեռքբերված պայմանավորվածությունները ակտիվորեն կյանքի են կոչվում: Նա նաև շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրած տեխնիկական աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մարուոն նշեց, որ հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, և կողմերը նշանակալի քայլեր են ձեռնարկել և ձեռնարկում այն օգտագործելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում