Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է նախագահ Սարգսյանին
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահը նշել է, թե ուրախ է մեր երկրում ողջունելու ՌԴ բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել հայ-ռուսական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են համագործակցության բոլոր ուղղություններով: Այդ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերգեյ Իվանովի անձնական ներդրումը:
ՌԴ պատվիրակության անունից Սերգեյ Իվանովը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ պաշտոնավարման հետագա հինգ տարիներին և վստահություն հայտնել, որ հայ ժողովրդի ընտրությունը կնպաստի Հայաստանի առավել հզորացմանը, երկրում բարեկեցության բարձրացմանը, նաև հայ-ռուսական անխախտ և ամուր բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը:
ՀՀ նախագահը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են մի շարք ոլորտներում փոխգործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում