Պանդուխտ եմ, քույրի՜կ
Նմանատիպ
Պանդուխտ եմ, քույրի՜կ, մանուկ օրերից…
Գնում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր:
Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
Ու սիրտս ավելի:
Բայց գընում եմ ես հալածված նորից,
Ամեն վայելքից ու բախտից հեռու,
Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
Ինչպես եղջերու:
Եվ դու հանդիպած իմ դժվար ճամփում,
Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.
Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
Ու տանջվում այսպե՛ս…
Օ՛վ դու միամիտ: Բայց, երկինք վկա,
Չեմ եղել երբեք ես այդքան ստոր,
Որ կարենայի այս դաժան բանտում
Լինել բախտավոր:
Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
Տառապանք բերին, կորուստ ու կսկիծ,
Եվ կյանքի հաճույքն, և կնոջ սերը
Ընկան իմ սրտից:
Ես էլ վիրավոր գնում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զզված, ամենքին թողած,
Քեզ էլ կթողնեմ…
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում