Հայրենիքիս հետ
Նմանատիպ
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար, Զարկվա՜ծ հայրենիք, Զըրկվա՜ծ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ, Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ․
Հետևեք մեզ նաև Telegram-ում