Հոգեհանգիստ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փռված ու ցրված հազար հազարով…

Ու կրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գլխի վերև…

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նման,
Կանչեցի թշվառ էն հոգիներին՝ ցրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…

Աջիցս Եփրատ, ձախիցս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գնացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խնկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
— Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում