Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ներսիկ Նազարյանի «պոեզիան»

Այն բանից հետո, երբ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արգելեց երթը տանել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցներով, Րաֆֆին հայտարարեց, թե իջնելու են Թումանյան փողոցով եւ ողջունելու են Թումանյանին, որովհետեւ նա է գրել է «Հայոց լեռներումը»:

Ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանը Թումանյանին, թե ոչ’ դժվար է ասել, բայց բացատրությունը, համաձայնվեք, լավն էր: Չնայած’ չար լեզուները պնդում են, թե Թումանյանին ողջունելու ինքնաբուխ ցանկության հանկարծահաս ի հայտ գալը բոլորովին այլ պատճառներ է ունեցել:

Մասնավորապես, Ներսես Նազարյանը Րաֆֆիին տեղեկացրել է, որ «Ազատություն» բանաստեղծության հեղինակն էլ Միքայել Նալբանդյանն է, եւ եթե Րաֆֆին չենթարկվի ոստիկանության պահանջներին, ստիպված կլինի ողջունել Նալբանդյանին (հենց այդ փողոցի վրա է գտնվում ԱԱԾ-ի շենքը’ իր մեկուսարանով):

Այսպես թե այնպես’ հայ գրականության իմացությունը կողմերին հնարավորություն է տվել խուսափել բախումներից: Չնայած, երթի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը պոեզիայի տրմադրություն չուներ եւ գերադասում էր ողջունել մարշալ Բաղրամյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում