Ա. Աշոտյանը շնորհակալ է Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով ապրիլինյան իրադարձություններին` իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում  մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 9: Օրվա ամփոփում:

Երեկվա օրը իրականում պատմական էր:

Անկախ անձերից, Հայկական պետության հերթական ղեկավարի երդմնակալությունը նոր հույսերի, նոր աշխատանքի, նոր զարգացման և զարգացումների հնգամյակ է բացում:

Հնարավորությունների հնգամյակ:

Խոստովանեմ, որ ես, ինչպես հազարավոր այլ քաղաացիներ, որոշակի անհանգստությամբ էի սպասում և հետևում նաև զուգահեռ քաղաքական հարթության մեջ ընթացող իրադարձություններին:

Փառք Տիրոջը, երեկվա այդ ինտրիգը չունեցով շատ դրամատիկական, առավել ևս, ողբերգական երանգներ:

ա. Րաֆֆի:

Անտեսելով իր բոլոր սխալները, որոնք արդյունք են հիմնականում երկու փոխկապակցված խնդիրների’ իրականության ոչ լիարժեք ընկալման և միահեծան քաղաքական կեցվածքի, ցանկանում եմ գոհունակություն հայտնել իր’ գլոբալ առումով ողջամիտ պահվածքի, խոհեմության և վերջին պահերին’ պետականության գիտակցման համար: Երեկվա ընթացքում վնասվածքներ ստացած մարդկանց, մասնավորապես, ինձ մտերիմ Արմեն Մարտիրոսյանին ապաքինում եմ մաղթում:

բ. Ոստիկանություն:

Որպես քաղաքացի շնորհակալ եմ Վլադիմիր Գասպարյանին ոչ միայն երեկվա իր’ ոմանց համար անսպասելի հաշտարարական առաքելության համար, այլև վերջին տարիներին ՀՀ Ոստիկանության ներսում իրականացված հսկայածավալ աշխատանքի համար, ինչի ականատեսը գործնականում եղան բոլորը:

Իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Այդ թվում ոստիկանությունում, կրթությունում, քաղաքական դաշտում և այլն:

Սակայն, փաստ է’ երեկ մեզ միասին հաջողվեց չբացել Պանդորայի արկղը:

Մնացածը’ լուծելի է…»

Հետևեք մեզ նաև Telegram-ում