Մեղուները

Մեղուները

Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
ոսկի երիզ մը բանալով
ու զանակներ անձրևելեն
թըռան, գացին, երամ երամ․
անցան, գացին դարուղիեն,
կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելեն
և հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:

Արևակի, սուտակներու ու զյումրյութի
փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին,
ծործորներեն, բացավայրեն,
ու ցորենի գանդաշներեն անցան անդին.
ես գետափին մոտ մընացի վարատակա՜ն,
մելամաղձիկ երազս հըղած
դեպ հեռավոր ծաղկաստաններ`
ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:

Մեղուներն իմ տենչանքներուս`
միջօրետքի պահերեն վերջ,
որոնց դարձին ես կըսպասեմ`
ուղեկուրուս զակատելով:
Ահա՜ օրն ալ մըթագնեցավ,
և ես ի զո՜ւր տարաժամ
դեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին:

Ա՜հ, այս ցայգուն
պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամփաներեն
ալ հափրացա՜ծ, ուշակորույս,
գիշերներու ըմպած գինին խավարածոր,
պիտի անցնի՜մ ես այս գիշեր`
երկյուղիս սեպ ճամփաներեն,
իմ գանկիս տակ
հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն:

Ալ հոգնա՜ծ եմ
ըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ,
ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ,
եթե թունեղ խա՜յթ իսկ բերեն
ուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:

Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում