«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն խոսել է իր դեմ սկսված հետաքննության մասին

Պոլսահայ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է իր և հայ լրագրող Ումիթ Քվանչի դեմ սկսված հետաքննությանը՝ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության դեմ հնչեցրած «հակապետական հայտարարությունների» համար։

2012 թվականին հեռուստատեսային հաղորդման ժամանակ հնչեցված տեսակետների համար դատախազություն էր դիմել Անթալիայի մի քաղաքացի և հայտարարել, որ ինքը վիրավորվել է «Թուրքիայի երկու՝ ակնհայտ հայ քաղաքացիների խոսքերից»։

«Իմ և Ումիթ Քըվանչի դեմ Հրանտ Դինքի սպանության դատավարության մասին հնչեցրած գնահատականների պատճառով Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով քրեական գործ կհարուցվի, թե ոչ, հետաքննությունն արդեն իսկ անընդունելի է։ Իրականում ոչ թե մեր խոսքերն են հանցավոր, այլ հենց 301-րդ հոդվածը»,-գրել է Քոփթաշը։

«Հետաքննության առիթ դարձած հաղորդման պատճառով, եթե անգամ Արդարադատության նախարարությունը թույլ չտա դատական վարույթ սկսել, խնդիրը չի վերանա։ Պետք է վերանա 301 հոդվածը»,-կարծում է Ռոբեր Քոփթաշը։

Նա նշել է, որ շատ լավ է հիշում հաղորդման օրը՝ 2012թ.-ի հունվարի 17-ը։ Այդ օրը Բեշիքթաշի դատարանում ընթերցվել էր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը, իսկ այդ դատարանի շենք ամեն մտնելիս նա իրեն կեղտոտված է զգում։

Քոփթաշը պատմել է, որ այդ դատավճիռը լսելուց երկու ժամ անց Ումիթ Քըվանչի հետ գնացել են «Հաբերթուրք»-ի խմբագրություն։ Հենց այնտեղ էլ ասել են Անթալիայի «թուրք քաղաքացուն» վիրավորած խոսքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում