Աշնանային հեծություններ
Նմանատիպ
Իրիկուններն ես կը խոկամ,
Ամայության երգը կացնի
Պատուհանիս երբ առջևեն,
Անկապ ձայներ զիս կը թովեն,
Հոգվույս մեջեն մերթ Աշունի
Կանցնի հանկարծ ուրուն տարտամ։
Գիշերն համբուն ես կերազեմ
Ցավը կյանքի Աշուններուն,
Ու շամբուշ հովն` որ կը տանի
Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ`
Զորս տերևի տեսիլն աղփուն
Որ օդին մեջ կը տատանի:
Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
Պարուտակը մըշուշներուն,
Զոր գիշերվան անտես ձեռքեր
Թույլ միջոցին մեջ են ձըգեր,
Վըհատության պես մոլորուն`
Զոր քաշած է սերն հոգվույն դեմ:
Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
Մառախուղին ու հովին դեմ,
Ու դաշտերուն մեջ ամայի,
Ուր աչքն ահով միշտ կը նայի,
Դիտել` տժգույն ու դալկադեմ
Բարձունքներուն տամուկն ու վիշտ:
Հոգիս հիմակ հափրանքն ունի
Սիրո խանդ ու հըրայքներուն,
Ու ծաղկալից եղկ ջերմության
Վայելքեն վերջ բազմաբուրյան,
Կուզե մշուշն այս օրորուն,
Ու ցրտագին զովքն Աշունի:
Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում