Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի…
Նմանատիպ
Վերջին ժամանակներս կյանքի բոլոր ոլորտներում մեր հասարակությունը ենթարկվում է զանազան փորձությունների և տարատեսակ գաղափարական արշավանքների, որոնք առաջին հայացքից անմեղ և անկարևոր են թվում, սակայն բովանդակային իմաստով խորքային, հայեցակարգային և մտածողության վրա ազդելու և «նորի» անվան ներքո աշխարհայացք ձևավորելու միտումներ ունեն:
Այս առումով արժեհամակարգի վերաձևման «նոր» լույսի ներքո փորձ է արվում նորովի տեսնել Հայ Եկեղեցու դերը ազգաստեղծման և պետականաստեղծման առաքելության մեջ, հիմնականում բացասական և ժխտական «նորահայտ» ըմբռնումներով և բացարձակ սուբյեկտիվ մեկնաբանություններով՝ հիմնված տվյալ անձի ոչ անպայման գաղափարական մտածողության, այլ անհատական զգացումների և դրդապատճառների վրա:
Այս իմաստով բացառություն չէ նաև իմ երկրի վարչապետի (հոգ չէ թե նախկին)` Հրանտ Բագրատյանի religions.am կայքում 14.05.2011. տեղ գտած հարցազրույցը, որին ժամանակային առումով այսքան հեռավորությունից չէինք անդրադառնա, եթե այն վերստին շրջանառության չդրվեր և որոշակի կերպով մտածողության չափանիշ դառնալու հավակնություն չունենար:
Թույլ տվեք ի սկզբանե հայտարարել, որ ոչ միայն այս, այլև զանազան այլ գրություններ ես չեմ գրում ո՛չ զայրույթով, ո՛չ ցասումով, ո՛չ ատելությամբ և ոչ այլ ինչ անձնական զգացումներով, այլ սիրով, խաղաղությամբ, դրական և անանձնական լույսի ներքո, սակայն մտահոգությամբ, հաստատ համոզումով և անսակարկ քննադատությամբ՝ պատրաստ նաև բանական քննադատության, առանց վիրավորանքների և հայհոյության:
Այժմ անդրադառնանք բուն հարցազրույցին, որի որոշ դրույթներ որակել էինք բացառիկ ապաշնորհ և անգրագետ. կրկնում եմ որոշ դրույթներ և ոչ Բագրատյան Հրանտ անձը: Ցավոք, այդ որոշ դրույթները հենց հիմնական և առանցքային գաղափարներն են` առնչված Հայ Եկեղեցու ազգաստեղծ և պետականաշեն առաքելությանը, այն էլ պատմագիտական ահռելի սխալներով և կամայական անճշտություններով ողողված:
Զարմանալի է և ցավալի, որ իմ վարչապետը նման կերպ կարող է վերաբերվել իր իսկ սեփական կենսագրությանն ու ինքնության պատմությանը, ամեն գնով փորձելով արդարացնել իր անձնական թեզիսները: Առանց երկարաբանելու նախ անդրադառնամ պատմական տվյալների բացարձակ անճշտություններին (կամա թե ակամա), որոնց վրա պրն. Բագրատյանը կառուցել է իր վերլուծությունը: Այսպես՝
1. «Մեզ է հասել նաև Պապ թագավորի մասին պատմությունը` շարադրված Ագաթանգեղոսի կողմից, որտեղ ակնհայտ է կոնֆլիկտը Պապի և եկեղեցու միջև»:
Հակառակ մեր բոլոր ջանքերին` պարզելու Ագաթանգեղոսի և Պապ թագավորի կապը և հայտնված տեղեկությունները մեզ այդպես էլ չհաջողվեց: Հավանաբար, գոյություն ունեն բանասիրությանն ու պատմագիտությանն անհայտ Ագաթանգեղոսի նորագիր պատառիկներ, որոնց տիրապետում է միայն Հրանտ Բագրատյանը:
Հայտնեմ, սակայն, որ մեզ միայն հայտնի է Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի պատմությունն այս մասին: Հատկապես Մովսես Խորենացու տեղեկությունը վկայում է, թե ինչպիսի առանցքային դերակատարություն է ունեցել Ներսես Մեծ հայրապետը Հայաստանի խառնակ ժամանակներում Պապին թագավորեցնելու, Հայաստանի ազատագրման և ապա կենտրոնախույս բոլոր ուժերին նրա հետ հաշտեցնելու հարցում: Ցավոք, հետագայում այդ ուժերն էլ պատճառ դարձան նրա սպանության, որը հետագայում ձգվեց մինչև Մուշեղ Մամիկոնյան սպարապետի սպանությունը:
2. «Շատ հետաքրքիր է, որ երբ Վահրամ Պահլավունին իր ամբողջ զինուժով քաշվեց-գնաց Վրաստան, որը հիմք ծառայեց Թամար թագուհու ու Դավիթ Շինարարի համար (ի դեպ, դա վրացական պետության միակ լուսավոր էջերն են), Հայաստանում զինուժ չմնաց, որովհետև եկեղեցու շրջանակներում զինուժ չի դաստիարակվում»:
Զուտ թվական տվյալներով հայտնեմ, որ Վահրամ Պահլավունին նահատակվել է 1046/47թ.-ին Անիի պատերի տակ զենքը ձեռքին մարտնչելով Դվինի Էմիր Աբուլ-Ասվարի դեմ, իսկ վրաց Թամար Մեծ հռչակված թագուհին գահակալել է 1184-1213թ.-ին, Դավիթ Դ Շինարարը՝ 1084-1125: Այս պարզ թվային համադրությունն իսկ չափազանց խոսուն է, եթե իհարկե չենք խոսում հարության իրականության մասին:
Իսկ զինուժի դաստիարակման առումով լսե՞լ եք Մուշեղ, Վասակ, Վարդան, Մանվել Մամիկոնյանների, Սմբատ Բագրատունու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Աշոտ Բ Բագրատունու, Լևոն Բ թագավորի, Սմբատ Գունդստաբլի, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի, Սևքարեցի Սաքոյի և շատ ուրիշների մասին:
3. «Քրիստոնեությունը 10-րդ դարում կիսվեց և հիմա ներկայացված է երեք խոշոր կոնֆեսիաներով: Հայերի լկտիությունն այնքան հերիքեց, որ այդ երեքից ոչ մեկին չմիացան: Եվ սրա հիմքում փոքրիկ մաֆիան է, որը կոչվում է Հայ եկեղեցու կառավարում: Եվ այդ ֆրազով, որը դուք նշեցիք, եկեղեցին փորձում է խաբել, մոլորեցնել հավատացյալներին»: Քրիստոնեության պատմությանը հայտնի «Մեծ Հերձվածը» տեղի է ունեցել 11-րդ դարում (1054թ.) Հռոմի և Կ.Պոլսի Աթոռների միջև դավանական և շատ հավանաբար քաղաքական գետնի վրա, որից հետո Հռոմի Աթոռն իրեն հռչակեց «Կաթոլիկ», իսկ Կ.Պոլսինը՝ «Տիեզերական»: Հետագայում 16-րդ դարում Կաթոլիկ եկեղեցուց ծնունդ առավ Բողոքական շարժումը:
Պարզ դատողությունն էլ վկայում է, որ հայերի «լկտիությունն ու կառավարող մաֆիան» (հավանաբար հարազատ կառավարման սկզբունք) բացարձակ առնչություն չունէին այս ամենի հետ: Թերևս «լկտի և մաֆիոզ կառավարիչներ» ասելով հեղինակը ի նկատի ունի Կոմիտաս կաթողիկոսին, Սահակ Ձորափորեցուն, Սբ. Հովհան Օձնեցուն, Խոսրովիկ Թարգմանչին, Ստեփանոս եպիս. Օրբելյանին, Մխիթար Գոշին, Վանական վարդապետին, Վարդան Արևելցուն, Գրիգոր Մագիստրոսին, Եսայի Նչեցուն, Հովհան Որոտնեցուն, Սբ. Գրիգոր Տաթևացուն, նույնիսկ Սբ. Ներսես Շնորհալուն և այլ մեծերի՞ն: Խնդրում եմ զգույշ վարվեք և երբեմն հիշեք հայելու գոյության մասին:
4. «Մի պահ Կիլիկիան նույնիսկ կաթոլիկություն ընդունեց»: Կիլիկիո Հայկական Թագավորությունը երբեք Կաթոլիկություն չի ընդունել: Եղել է միտում Գրիգոր Զ Ապիրատ (այդ պատճառով էլ մականվանվել է Ապիրատ) կաթողիկոսի կողմից միանալու Կաթոլիկ եկեղեցուն, ինչպես նաև Հեթում Բ թագավորը Կաթոլիկ դավանանք է ընդունել և միացել ֆրանցիսկյան միաբանության լքելով պետության կառավարումը:
Պատմագիտությունը մեծավ մասամբ վկայում է, որ Կիլիկյան Հայաստանի անկման (1375թ.) պատճառ հանդիսացան դեպի արևմուտք, մասնավորաբար Հռոմ քաղաքական ուղղվածությունը՝ կաթոլիկության ընդունման ձգտումով և իշխանների գահակալական ներքին կռիվները, որոնց ոգի ի բռի ընդդիմանում էր Հայոց Եկեղեցին թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում: Ինչպես վկայում է Ստեփանոս Սյունեցի Օրբելյանը հալածված Կոնստանդին Բ Հայոց կաթողիկոսը բանտ նետվելու պահին իսկ վերցրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին՝ մի դրվագ, որ կարող է ուսանելի լինել այսօրվա «պետական մտածողություն» ունեցողների համար: Սա նաև ընդհանուր առմամբ այն ներմտածողության բացառիկ արտահայտությունն է, որի կրողը եղել է Հայ Եկեղեցին՝ ազգաստեղծման և պետականաստեղծման առումով, որին կանդրադառնանք ստորև:
5. «Մենք ունեցել ենք 132 կաթողիկոս, որոնց գրեթե բոլորի գերեզմանները և ծննդյան ու մահվան տարեթվերը մենք գիտենք: Առ այսօր մի թագավորի գերեզման չի պահպանվել»: Կարծում եմ իր վարչապետության տարիներին պրն. Բագրատյանը կամ իր ենթակաները պետք է որ այցելած լինեին Աղձ կամ Աղց գյուղը:
Եթե ոչ ապա ասեմ, որ այն գտնվում է Աշտարակից 8կմ. հեռավորության վրա: Այնտեղ է գտնվում Արշակունի թագավորների դամբարանը ընդ որում հեթանոս և քրիստոնյա: Ներշնչումի և սեփական կենսագրությունը իմանալու համար խորհուրդ կտայի այցելել: Ցավալիորեն, ոչ բոլոր կաթողիկոսների և լուսավոր վարդապետների գերեզմաններն են պահպանվել, իսկ պահպանվածն էլ մշակույթի նախարարության «խնամքի և հովանու» ներքո հայտնվել էին ոչնչացման եզրին՝ վկան Սբ. Հովհան Օձնեցու գերեզմանը:
6. Այժմ շատ չարչրկված Պետրոս Ա Գետադարձի հակասական կերպարի մասին, ում այդքան ջերմեռանդությամբ անդրադառնում են մեր նորօրյա պատմագիրները: Ինչպես հայտնում են մեր պատմիչները (Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի) նա եղել է բացառիկ բարձր ուսումով իր ժամանակի զարգացած այրերից, սակայն «գանձասեր», մեծ հարստության և ազդեցության տեր, իսկ գաղափարական իմաստով ունեցել է բյուզանդական կողմնորոշում:
Այսուհանդերձ, բացարձակ սխալ է Անիի թագավորության անկումը վերագրել սոսկ կաթողիկոսին առանց վերլուծելու ներքին գահակալական կռիվները Աշոտ և Հովհաննես-Սմբատ արքայազների միջև (որոնց հաշտեցնողների գլխավոր դերակատարն հենց Պետրոս կաթողիկոսն էր) առանց Վեստ Սարգիս ազդեցիկ իշխանի միջամտության, Սենեքերիմ Արծրունու ամբողջ Վասպուրականը բյուզանդացիներին զիջելու փաստի և այլ հանգամանքների, որոնք թուլացրել էին ողջ թագավորությունը:
Պետրոս Գետադարձը իր ազդեցությունն ունենալով հանդերձ ըստ էության կնքեց Հովհաննես-Սմբատ արքայի կտակը՝ Անին հանձնելով բյուզանդացիներին: Այդուամենայնիվ, զգալով իր խաբված լինելը զղջալով հետ է կանգնել իր բյուզանդամետությունից և Հայ Եկեղեցու գաղափարական հենքը զորացնելու նպատակով պատվիրել Անանիա Սանահնեցի վարդապետին գրել «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը:
7. «Եկեղեցուն չի կարելի առողջապահություն և դպրություն տալ»: Փառք Աստուծո եկեղեցին այսօր հավակնություն չունի այդ ոլորտների ամբողջական պատասխանատվությունն ստանձնելու, քանի որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն իր բոլոր գործառույթներով:
Սակայն շատ հպանցիկ ցանկանում եմ հարցնել տեղյա՞կ եք Ներսես Մեծի, Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Բունիաթ Սեբաստացու մասին, կարդացել ե՞ք արդյոք ընդհանրապես hայ բժշկագիտության և նրա բարձր սահմանումների ու չափանիշների մասին, բժիշկ-հիվանդ հարաբերությունների, ստեղծված ամբողջական համակարգերի մասին, որոնք իրականացվել են Հայ Եկեղեցու ծոցում: Ի միջի այլոց համաշխարհային առողջապահական համակարգը ձգտում է վերադառնալ առաջնային խնամքի (primary care) սկզբունքին, որը դարերով գործնական իրականություն է եղել Հայ Եկեղեցում:
Իսկ կրթության ոլորտում տեղյա՞կ եք 5-րդ դարի Վաղարշապատի դպրոցի մասին, որն ըստ էության կերտեց Ոսկեդարը, Գլաձորի, Տաթևի, Հաղպատի, Նարեկի դպրոցների, Կիլիկյան Հայաստանի բարձրագույն դպրոցների մասին, որոնք կերտեցին հայոց Արծաթե դարը: Տեղյա՞կ եք Թիֆլիսի Ներսիսյան վարժարանից (հիմնադիր Ներսես Աշտարակեցի կաթողիկոս), Գեւորգյան Ճեմարանից որպես ողջ տարածաշրջանի առաջին բարձրագույն համալսարանը (հիմնադիր Գևորգ Դ կաթողիկոս), որտեղից ծնվեցին մեր պատմագիտության, գրականության, բանասիրության, աստվածաբանության լուսավոր դեմքերը, որոնց անուններով հպարտանում ենք առանց նույնիսկ նրանց ճանաչելու:
Իսկ մեր ժամանակների համատարած գորշության մեջ տեղյակ ե՞ք թե ինչ պայմաններում հիմնադրվեցին Սևանի Վազգենյան դպրանոցը, Հայորդյաց Տները (հիմնադիր Գարեգին Բ կաթողիկոս): Ես միայն թվարկեցի մի քանիսը ուսումնասիրությունը թողնելով Ձեզ: Այսու, ինչպես և շատ ճշգրիտ կերպով նշում է պարոն Բագրատյանը «Դա չիմանալու, չկարդալու արդյունք է»:
8. Առանց այլևայլ մանրամասնությունների մեջ մտնելու անդրադառնամ մի այլ ցնցող հայտարարության, որը վերաբերում է մեր վերջին շրջանի հերոսական պատմությանը. «1991թ.-ին էլ մենք հաղթեցինք պատերազմում, որովհետև մեր հետ կռվողները հողատերեր էին»: Սա պարզապես անարգանք է մեր հերոս տղաների հասցեին:
Իսկ միթե՞ Հայրենիքը, ընտանիքը, հավատքը և վերջապես գերությունից ազատագրումը տեղ չունեին արցախյան պատերազմում, որը սոսկ մի կտոր հողի կռիվ չէր այլ գոյության, արժանապատվության և ինքնահաստատման հոգեմարտ բառիս ամենալայն իմաստով:
Ուրիշ հարց է, երբ պատերազմից հետո ոմանց թեթև ձեռքով՝ հավանաբար նույն տրամաբանությամբ, այդ հրաշք առյուծասիրտ տղաներից ոմանք վերածվեցին խոշոր հողատեր ֆեոդալների, իսկ ոմանք էլ հասան աղքատության ամենաթշվառ աստիճանի: Իմ երկրի վարչապետը պարզապես իրավունք չունի նման կերպ մտածելու:
9. «Մեր պատմության առավել մեծ շրջանի համար՝ չկա և չի եղել (պետության տեսլական): Ընդամենը մի քանի տասնամյակ է որ մեր եկեղեցին, շնորհիվ խոհեմ այրերի ակտիվորեն օժանդակել պետության կայացմանը՞ Հայ առաքելական եկեղեցին ավելի շատ հաճույքով զիջել է պետությունը: Պատմականորեն դա կատարվել է 2-3 անգամ: Մեկը` 428թ.-ին, մյուսը` 1045թ.-ին… ինձ հայտնի չի որևէ փաստ, որը վկայում է եկեղեցու ազգաստեղծ գործունեության մասին»:
Չեմ ցանկանում մտքի մյուս թռիչքներին անդրադառնալ պարզապես կներկայացնեմ այն ինչի մասին ցանկանում էի խոսել: Դժբախտությունն այն է, որ նման մտածողները առանձին դրվագները քննելով ցանկանում են դրանք ներկայացնել որպես ամբողջություն, առանց խորամուխ լինելու հիմնական մտածողության, սկզբունքային ընկալման և հիմնադրույթների մեջ:
Հայ Եկեղեցին իր բոլոր վերիվայրումներով, անձերի զանազան թուլություններով և տկարություններով հանդերձ եղել է ազգաստեղծ ինքնության և պետականաշեն մտածողության ցավոք միակ կրողը՝ թրծված դարերի փորձառությամբ և իմաստությամբ:
Երկու առանցքային վկայություն միայն բավարար են արտահայտելու այս խոսքերիս վավերականությունը: Առաջինը՝ Մովսես եպիսկոպոս Խորենացու «Հայոց Պատմությունն» է, որը կոմունիզմի գաղափարախոսության կրողների համար, սոսկ պատմական դեպքերի արձանագրություն է: Իրականում, Մովսես Խորենացին մեր ազգային ինքնությունը բարձրացնում է ընտրյալ լինելու աստիճանին մեր ինքնության ակունքը բխեցնելով Սուրբ Գրքից որպես Աստուծո հետ առանձնակի հարաբերություն ունեցող ժողովուրդ Թորգոմ և Հայկ ազատատենչ նահապետներով սկզբնավորված:
Առանց Խորենացու պատմության մեր ազգը ծննդյան և կենսագրության պատմություն չէր ունենա՝ լավագույն դեպքում այն թերի կմնար: Իսկ Գրերի Գյուտը, (ոմանց համար սոսկ տառանշանների հայտնագործություն «ի վերջո, հինգերորդ դարի սկզբին, մանավանդ երբ մենք գրերը ստեղծեցինք, եկեղեցու դիրքերը շատ ուժեղացան»-ՀԲ) ծնված Հայ Եկեղեցում ինքնության արժեհամակարգի վերստեղծման և վերահաստատման բացառիկ նշանակությունն ունեին: Երկրորդ, նույն 5-րդ դարում Լուսավորչի ժառանգ Սուրբ Սահակ Պարթև հայրապետի խոսքերը բացառիկ վկայությունն են Հայ Եկեղեցու պետության տեսլական ունենալու մտածողության: Այն բանաձևված է հայոց Արտաշես Գ մանկահասակ արքայի գահընկեցությունը և պարսից տիրապետությունը տենչացող հայ իշխաններին ուղղված Սահակ Հայրապետի այլաբանական պատասխանում (նույն 428թ.). «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին»:
Այս անմահացնող արտահայտությունը (ոմանց համար թերևս սոսկ թևավոր խոսք) լավագույնս արտահայտում է Հայ Եկեղեցու տեսլականն ու անբեկանելի մտածողությունը՝ նույնիսկ տկար պետականությունը բայց սեփականն ու հարազատը, նախընտրելով հզոր օտարի տիրապետությունից: Սա է Հայ Եկեղեցու հավատամքը, որը որևէ ժամանակ փոփոխության չի ենթարկվել ու չի ենթարկվելու անկախ հազար ու մի ցեխարձակումներից:
10. «Եկեղեցին ուզում է փող աշխատել: Հայ առաքելական եկեղեցին այսօր չի ցանկանում ծառայել աստծուն: Դուք տեսե՞լ եք, որ մարդիկ դրամարկղում գումար մուծեն, ՀԴՄ կտրոն ստանան և պսակադրություն անեն: Որևէ տեղ տեսե՞լ եք հաշվետվություն` քանի մոմ է վաճառվել և ինչ գնով»: Հասկանում եմ զանգվածների վրա տպավորություն գործելու բառապաշարի (ինչպես օրինակ «կարելի ա ցխվել») կիրառումը իր ազդեցությունն ունի, սակայն ես կփորձեմ հարազատ մնալ մաշտոցյան մտածողությանը: Եկեղեցին ոչ թե ուզում է փող աշխատել, այլ ինչպես ամեն հաստատություն եկեղեցու համար ևս կարևոր է տնտեսական առողջությունը:
Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ տնտեսական առողջությունն անհրաժեշտ է բազմաթիվ հոգևոր և սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված են մեր ժողովրդի խնամքին և հասարակական կյանքի առողջացմանը:
Հարցրե՞լ եք արդյոք թե ինչ միջոցներով են գործում Մայր Աթոռի բանտային ծառայությունը, բանակի հոգևոր խնամքը, հրատարակչական կենտրոնը, քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, բազմաթիվ բարեգործական ծրագրերն ու տները, 100-ից ավել խոցելի խավի համար տներ կառուցած «Գարեգին Բ» տնաշինական ծրագիրը, բազմաթիվ Հայորդյաց Տները, հոգևոր ճեմարանները, հեռուստաընկերությունները, հսկայածաավալ եկեղեցաշինությունն ու վերնորոգված երբեմնի քայքայման եզրին հայտնված կենտրոնները, (որոնք ի միջի այլոց իրականացվել են վերջին տարիներին Գարեգին Բ կաթողիկոսի օրոք), Հայաստանյան և սփյուռքյան թեմերում իրականացվող բազմաշերտ ծրագրերը և այլն և այլն:
Եթե եկեղեցին տնտեսական առողջություն և կայունություն չունենար ինչպե՞ս պիտի Վազգեն Առաջին և Գարեգին Ա հայրապետները պետությանն օգնեին ամենածանր ժամին:
Ինչպես Դուք եք նշում «Եկեղեցին պատերազմի ընթացքում մեզ շատ է օգնել: Օգնությունը ցանկացած տեսակի էր` կոնտակտներով, ճառերով, ֆինանսապես, ճակատ պարեն ուղարկելով»: Զուտ փաստական տվյալներով այսօր Մայր Աթոռում աշխատում է շուրջ 1200 հոգի, վերջին 2 տարվա միայն Մայր Աթոռի շինարարական հաշիվը (առանց թեմական գործունեության) հասնում է շուրջ 2 միլիարդ դրամի, իսկ վճարված հարկերով Մայր Աթոռն ընդգրկված է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում: Տնտեսական իմաստով սա վնա՞ս է պետությանը թե՞ օգուտ:
Այդ բոլոր միջոցները գոյանում են մոմի, գանձանակի և անհատ բարերարների անմնացորդ նվիրաբերություններից (առանց ՀԴՄ կտրոնի), ովքեր հավատացել և հավատում են Հայ Եկեղեցու հոգևոր Աստվածադիր առաքելությանը, ազգաստեղծ ճշմարտությանը և պետականաշեն տեսլականին: Մայր Աթոռը երբեք «բեռ» չի եղել Հայոց պետականության վրա, այլ ընդհակառակը մշտապես աջակցել և զօրակցել է պետականության կայացմանը: Նույնիսկ ամենադժնդակ ժամանակներում կարողացել է իր սուղ միջոցներից տրամադրել իր ժողովրդի պաշտպանությանն ու ապահովությանը:
Եթէ միայն թերթելու լինենք 20-րդ դարասկզբի մեր պատմության էջերը կտեսնենք, որ այդ սահմռկեցուցիչ պայմաններում Էջմիածինն իր հովանու տակ վերցրեց գաղթական, հիվանդ և սովալլուկ ժողովրդին՝ ոչ միայն խնամելով, այլև ոտքի հանելով ընդդեմ թշնամու և փառահեղ հաղթանակ կնքելով Սարդարապատի ճակատամարտում, որն էլ Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքը դրեց:
Այո՛ պիտի կրկնենք ու վերստին կրկնենք «ով ականջ ունի լսելու թող լսի». Հայ Եկեղեցին ժամանակ առ ժամանակ ստիպված է եղել ստանձնել հայ ժողովրդի նաև աշխարհիկ կառավարումը՝ պետական գործառույթներ իրացնելով հասարակական բոլոր ոլորտներում սոցիալական, տնտեսական, գիտակրթական, առողջապահական և նույնիսկ ռազմական: Շուրջ 1700 տարվա վայրիվերումներից, դավաճանական և հերոսական ժամանակներից անցնելով Հայ Եկեղեցին իր մտածողության մեջ կրեց Հայոց Պետականության տեսիլքը և վերջին հաշվով կարողացավ հայ ժողովրդի նավը առաջնորդել ու հասցնել մինչեւ մեր օրերը և հանձնել ձեզ: Իսկ ինչ արեցիք Դո՞ւք….դա էլ թող Աստված և պատմությունը դատի:
Պարզապես հպանցիկ մի հարց. ինչո՞ւ է, ձեր իսկ բառերով, հողատեր հայ մարդը լքում իր տունն ու տեղը և ապավեն փնտրում այլ երկրներում: Չէ՞ որ ըստ Ձեզ երկրի և ժողովրդի կամ պետության կայունության երաշխիքը հողատիրական կամ տնտեսական սեփականությունն է (ի միջի այլոց 90 ականների հողի սեփականաշնորհման առիթով (որը ես անձնապես դրական քայլ եմ համարում) ժողովուրդը մի շատ նշանակալի խոսք ուներ «ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն՝ հողին»): Ես հասկանում եմ Ձեր առևտրատնտեսային մտածողությունն ու դրա ակունքները՝ որտեղ մարդու արժեքը և արժանապատվությունը սահմանված է զուտ տնտեսական չափանիշներով:
Այսինքն ստեղծել ամերիկյան կամ արևմտյան մոդելի «տնտեսական էակ»՝ արտադրող, զուրկ հոգուց և գաղափարական տեսիլքից: Այսուհանդերձ, հիշեք աշխարհակալ Հռոմը իր բարձրագույն տնտեսական համակարգով և շատ այլ կայսրություններ փլվեցին սոսկ բարոյականության և հոգևոր արժեքների կորստյան պատճառով: Հետևաբար, երկրի զարդն ու ապահովությունը ոչ թե նրա մեծությունն ու հարստությունն են, այլ նրա քաղաքացիների հոգեկան արժանավորությունը: Այն երկիրը, որից բացակա են Աստվածասեր բնակիչները ամենավերջին գյուղից էլ վատ է, դատարկ այրերից անփառունակ, թեև այլ երկրներից ու պետություններից մեծամեծ պատիվներ ստանա:
Հայ Եկեղեցին կերտել է մեր ինքնությունը որպես առանձնաշնորհյալ ժողովուրդ և սրբությամբ գուրգուրանք է տածել Հայոց Պետականության ստեղծման և նրա ապահով, խաղաղ և զարգացող կյանքի հանդեպ:
Հասկանալի պատճառներով փորձեցի որքան հնարավոր է սեղմ և համառոտ գրել, այլապես այս գրության յուրաքանչյուր հատված ամբողջական և հսկայածավալ նյութ է, որոնց եթե հարկ լինի մեկ առ մեկ կանդրադառնանք:
Վերջաբանի փոխարեն ասեմ, որ այս ամենը գրեցի որպեսզի «դադարեն օտար վարդապետություններ ուսուցանելուց և չզբաղվեն սկիզբ ու վերջ չունեցող առասպելներով և ազգահամարներով, որոնք վեճերի դուռ են բացում՝ փոխանակ օգնելու մարդկանց հավատի և Աստծու ծրագրերի իրականացմանը: Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը: Այս պատվերը մոռացության տված դատարկ վեճերի մեջ մտնելով՝ շատերը վեր են կացել օրենք սովորեցնելու մեզ. մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծու օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Ա ՏԻՄ. 1:3-8):
Բագրատ Եպիսկոպոս ԳԱԼՍՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում