«Անհաղթահարելին» հաղթահարելով
Նմանատիպ
«Մարտահրավեր» ճամբարային ծրագիրն Ազգային Առաջնորդության Ինստիտուտն իրականացնում է 2015 թվականից: Հնգօրյա այս ճամբարը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, և մարզական ու ֆիզիոթերապևտիկ գործողություններից զատ՝ ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցների համար կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք նրանց սահմանափակ կարողությունների բերումով բնորոշ չեն իրենց առօրյային և թվում են անհնար, անհաղթահարելի:
«Անհաղթահարելին» հաղթահարելը՝ զուգորդված հոգևոր խորհրդածություններով ու զրույցներով, տալիս է այնպիսի արդյունք, որ մասնակիցներից յուրաքանչյուրը նորովի է բացահայտում իր կարողությունները, իր արժեքն ու տեղն աշխարհում: Ինչպես մասնակիցներից Հուսիկն է նշում, եթե սահմանափակ կարողություն ունեցող անձը հասկանում է, որ կարող է հաղթահարել իր առջև դրված փորձությունները և վախը, նշանակում է, որ մարդն այլևս սահմանափակ չէ…:
Դեռևս անցյալ տարվանից, «Մարտահրավեր 2016»-ին Արցախից ժամանած երիտասարդների մասնակցությունից հետո, ծրագրի կազմակերպիչների մեջ արթնացավ հաջորդ տարի Արցախում ծրագիրն իրականացնելու ցանկությունը: Գաղափարն արժանացավ ԱԱԻ հոգևոր հովիվ, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հավանությանը:
Տեր Հոր հետ միասին կազմակերպիչները ներկայացրեցին այն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ հայցելով Սրբազան Հոր օրհնությունը: Նավասարդ Սրբազանի աջակցությամբ Ստեփանակերտի բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում իրականացված ծրագրին միացավ Արցախի թեմի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանը:
Ծրագրի շրջանակում թեև չնախատեսված, բայց թերևս գլխավոր իրադարձությունը հինգ մասնակիցների և նրանց ընտանիքների վեց անդամների մկրտությունն էր Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում:
Խումբը ներկա գտնվեց նաև վերականգնողական կենտրոնի հիմնադիր բարերար բարոնուհի Քերոլայն Քոքսի 80-ամյակին նվիրված տոնական ընթրիքին: Բարոնուհին, ում ավանդական դարձած այցն Արցախ զուգադիպեց «Մարտահրավեր» ծրագրի հետ, մեկ առ մեկ մոտեցավ երիտասարդներին և բարի ու ջերմ ժպիտ փոխանցեց յուրաքանչյուրին:
Օգոստոսի 13-ին ծրագրի մասնակիցները եղան նաև Գանձասարի վանքում և մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին՝ ստանալով Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում