Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է մեր քաղաքական դաշտի համար նոր ձև. Հ. Խառատյան

Panorama.am-ին «Նոր Հայաստանի» երեկվա իրադարձությունների մասին իր կարծիքն է հայտնել ազգագրագետ, հասրակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Նա մասնավորապես նշել է. «Որևէ այլ բան չէի ակնկալում, քան երեկ եղել է: Լրիվ տեղավորվում է իմ տրամաբանության մեջ»:  

«Մեր ամբողջ անցած ուղին արդեն կանխատեսելի է դարձնում բոլոր խաղացողների վարքը: Այն ամենը ինչ որ եղավ, մեր սովորական հարաբերությունների վարքի շրջանակում էր»,-ասաց Խառատյանը: Նրա գնահատմամբ, իշխանությունը դրան չէր վերաբերվում որպես քաղաքական ընդվզում, 50-օրյա շրջանին վերաբերում էր որպես մի դժգոհ մարդու վարքի:

«Քաղաքական իմաստով իշխանության վերաբերմունքը այնքան հավասարակաշռված էր, որ ոչ մի արձագանք չեղավ իշխանության կողմից: Դա նշանակում է, որ իշխանությունը զգալիորեն վստահ է իր ռեսուրսներին ու ուժերին»,-ասաց Խառատյանը, ավելացնելով, որ իշխանությունը գտել է մի ձև, երբ բոլոր դժգոհությունները թույլատրելի են, բայց արձագանք չկա:

Ինչ վերաբերում է շարժման առաջնորդ հանդիսացող Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա քայլերին, ապա ազգագրագետի խոսքով, դա էլ տրամաբանության շրջանակում էր:

«Հրապարակից հնչող ու հարթակում գտնվող որոշ մարդկանց ավելի ակտիվ գործողությունների դրդումները շարունակում էին զուսպ հակադարձվել: Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է, չասեմ պասիվ, այլ մեր քաղաքական դաշտի համար նոր ձև, դա արժեքների շուրջ շարունակ բարձրաձայնելն է: Ես հաճախ եմ մտածում, որ այն իսկապես կարող է նոր որակ տալ մեր հասարակական ընդվզման ձևերին, որովհետև մենք, թվում է, բավականին ակտիվ էինք, թե քաղաքացիական շարժումները, թե մինչ այս եղած քաղաքական ընդդիմությունը կոնկրետ իրադրության շուրջ իր դժգոհությունների կամ պահանջների դրսևորումներով, հիմա հակառակը’ զուսպ և արժեքային է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկամամբ, Հովհաննիսյանի վարած քաղաքականությունը չի գնում իշխանությունների անցած ուղին անալիզ անելու ճանապարհով, այլ միայն գնահատական է տալիս:

«Այդ գնահատականը բավական զուսպ է, այդ գնահատականը հանգում է վավերացման, որ իշխանությունը չի հաջողվել, և մեր կյանքը չի որակավորվումդրական իմաստով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին, ապա Խառատյանը նշեց, որ երեկ հրապարակից դժգոհ գնացողներ շատ եղան:

«Իրավիճակից էլ, սրացումներից գտնվող լուծումներից էլ, Րաֆֆու զսպվածությունից, պահվածքից էլ, ընդհանրապես խնդիրը ռեալ չքաղաքականացնելու, այլ արժեհամակարգի ձևի մեջ պահելու: Անկասկած, երեկվա թիվը չի հավաքի, չգիտեմ, կհավաքվեն, թե չէ առհասարակ», չգիտեմ»,-ասաց Հ. Խառատյանը:

Նրա մանրամասնեց, որ թե պահանջը, թե գնահատականը քաղաքական էին’ «կեղծ ընտրություններ», «կեղծ երդում», միայն վարքը չքաղաքականցվեց:

«Եթե բարոյական ու արժեհամակարգային ընդվզման ձև է առաջարկվում, գուցե դրական էֆեկտ տա երկարաժամկետում, որը կասկածում եմ էլ, մեր հասարակության զարգացումները նայելով: Բայց, որ ինքը ուղղակի իմաստով չէր ազդելու դեպքերի վրա, ակնհայտ էր, բայց գուցե և պարոն Հովհաննիսյանը ընտրել էր, որ հենց հիմա և հենց այսօր չպետք է ազդի դեպքերի ընթացքին, ես դա էլ չգիտեմ»,-ասաց Խառատյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում