Անդրեաս Ղուկասյանը դեռ չի խոսել Ր. Հովհաննիսյանի հետ, որ որոշում կայացնի

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Անդրեաս Ղուկասյանին մեղադրեց Րաֆֆի Հովհաննիսյանի ասածներին չենթարկվելու մեջ:

Panorama.am-ի հետ զրույցում Ղուկասյանն արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի’ իր հասցեին արված հայտարարություններին, ասաց.

«Երեկ պրոզայիկ էր ամեն ինչ, և խնդիրը ընդամենը այն էր, ով էր վերցնելու պատասխանատվություն Բաղրամյանի պողոտայում, որպեսզի քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի չունենային բախումներ: Ստեփան Սաֆարյանը կարող էր մնալ այնտեղ, իրեն հայտարարել պատասխանատու և համակարգել այնտեղ գտնվող մարդկանց, ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ իրեն խանգարում էր անել»:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Սաֆարյանը նրան մեղադրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորները լսելու, սակայն դրանց չհետևելու, Ծիծեռնակաբերդ գնալու փոխարեն Բաղրամյան փողոցում մնալու մեջ:

Ղուկասյանը Սաֆարյանի ասածները սխալ որակեց, պնդեց ճիշտ հակառակը:

«Ես անձամբ չեմ լսել Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորները, և ինչպես իմ, այնպես էլ քաղաքացիների մեծամսնությունը կամ չեն լսել, իսկ եթե լսել են, չեն ենթարկվել: Անձամբ ես չեմ լսել, տեղյակ չեմ եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել շարժվել դեպի Ծիծեռնակաբերդ: Դրա մասին իմացել եմ բավականին ուշ ոստիկաններից»,-ասաց Ղուկասյանը: Նա դժգոհություն հայտնեց, որ կարգադրիչներ չեն եղել, որոնք քաղաքացիներին կտեղեկացնեին թե ինչ է պետք անել, «իմ կարծիքով, կազմակերպիչների խնդիրն է»:

Սաֆարյանը Ղուկասյանի մասին նաև ասել էր. «Եթե Անդրեաս Ղուկասյանը հաջող քաղաքական գործիչ լիներ, Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած 600 հազար ձայները նրան կգնար»:

Մեր զրուցակիցը նախ ասաց’ չի ցանկանում մեկնաբանել, ապա ավելացրեց. «Այն քաղաքական ծրագիրը, որը ես սկսել եմ, հաջող ընթանում է, և պարոն Սաֆարյանի կարծիքը տվյալ դեպքում կարևոր չէ»:

Հարցին, թե ինքը շարունակելո՞ւ է կանգնել Հովհաննիսյանի կողքին հետագա պայքարի ընթացքում, Ղուկասյանն ասաց, թե դեռ չի որոշել, երեկվանից հետո Հովհաննիսյանի հետ չի խոսել, ոչ էլ փորձ է արել նրա հետ կապ հաստատել:

«Իմ որոշումը կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականներից, որոշումներից ու հետագա քայլերից»,-ասաց Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում