Թղթե տնակն
Նմանատիպ
Թղթե տնակն այս քո –
նրանում միանգամայն ապրե՛լ կարելի է,
միայն թե, անշուշտ, բարձր չհևալ,
չխռացնել երազում,
չփռշտալ ու չհազալ,
չզուգավորվել գազանների պես`
փլուզման վտանգելով ամեն ինչ –
պատեր, լուսամուտներ, դռներ…
Շո՛ւնչը պահել
անժամանակ տարփանքների,
արյան արագ վարգը
սանձել երակներում,
խաղաղություն պահպանել`
ծամծմելով լռությունը,
տասը տարիների միջով հաղթահարել
գայթակղությունը
վաղորդյան հրաշք լուսաբացների:
Շրխկացնել դուռը, այն էլ ինչպե՛ս,
մեկ անգամ ևս – հանուն հավատարմության –
շրխկացնե՛լ դուռը`
դեպի բոլոր չորս
աննվաճելի
ծագե՛րն աշխարհի…
Հալինա ԿՐՈՒԿ
Հալինա Կրուկը ուկրաինացի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ է։ Ծնվել է 1974թ. Լվովում, մասնագիտությամբ բանասեր-միջնադարագետ է, գիտությունների թեկնածու:
Բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է («Թափառումներ` տունը որոնելիս», «Հետքեր ավազի վրա», «Դեմքը լուսանկարից դուրս»): Գրում է նաև մանուկների համար:
Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, արժանացել է միջազգային կրթաթոշակների: Հալինա Կրուկի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, պորտուգալերեն, շվեդերեն, դանիերեն, կատալոներեն, ռուսերեն, լեհերեն և էլի շատ լեզուներով:
Կրուկը թարգմանում է լեհերենից, ռուսերենից և բելառուսերենից: Ապրում և ստեղծագործում է Լվովում, արտասահմանյան գրականություն է դասավանդում Լվովի պետական համալսարանում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Էդուարդ Հարենցի
Սկզբնաղբյուր Գրեթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում