Ընդունի՛ր պարտությունդ
Նմանատիպ
Ու վաղ աշնանային մի օր,
երբ մտքերիդ կպչուն պարսը
չի արթնացնի քեզ լուսաբացին`
երազի այն վերջին հենակետում մարտական,
որից այլևս փախչելու տեղ չունես,
հետ կշրջվես հանկարծ`
կարծես առաջին անգամ տեսնելով –
տունը բարձունքին`
ամբողջովին մացառների մեջ
վայրի խաղողենու և քրիզանթեմի,
մահճակալը ճգնավոր,
որ հիշում է բոլոր աղոթքները իր լսած,
ծանր բնավորության մարդը` պատի հետևում,
ում հետ կյանքը հեշտ չտրվեց…
ընդունի՛ր պարտությունդ,
վերջ ի վերջո ընդունի՛ր պարտությունդ
այն վիրավոր աշնանը,
որը խմբից հետ մնացած զինվորի պես,
ուժասպառ,
քարշ է տալիս իր հետևից հետքերն արյան –
հեռու մարդկանցից,
հեռու նրանց խզզացող ռադիոընդունիչից,
որ ամեն ժամ
նորություններ է հաղորդում ճակատային գծից,
հեռու ճակատային գծից,
որ չի լինում երբեք ուղիղ, հորիզոնի պես,
դեռ ավելին` միշտ բեկանված,
ինչպես լեզուն` զավթված երկրամասում,
ինչպես կարդիոգրամը սրտիդ,
որ զարկում է դեռ ինքնիրեն,
չզարկվելո՛ւ իրավունքով…
Հալինա ԿՐՈՒԿ
Հալինա Կրուկը ուկրաինացի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ է։ Ծնվել է 1974թ. Լվովում, մասնագիտությամբ բանասեր-միջնադարագետ է, գիտությունների թեկնածու:
Բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է («Թափառումներ` տունը որոնելիս», «Հետքեր ավազի վրա», «Դեմքը լուսանկարից դուրս»): Գրում է նաև մանուկների համար:
Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, արժանացել է միջազգային կրթաթոշակների: Հալինա Կրուկի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, պորտուգալերեն, շվեդերեն, դանիերեն, կատալոներեն, ռուսերեն, լեհերեն և էլի շատ լեզուներով:
Կրուկը թարգմանում է լեհերենից, ռուսերենից և բելառուսերենից: Ապրում և ստեղծագործում է Լվովում, արտասահմանյան գրականություն է դասավանդում Լվովի պետական համալսարանում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Էդուարդ Հարենցի
Սկզբնաղբյուր Գրեթերթ