Ազգային պատկերասրահում բացվեց երազանքի ցուցադրությունը
Նմանատիպ
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարների, տեղացի ու արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Cultural.am-ը։
«Մենք բացում ենք մեր երազանքի ցուցադրությունը։ Ինչպես Հովհաննես Այվազովսկին էր ասում՝ դժվար է, գրեթե անհնար է պատճենել բնության տարերքը, բայց հնարավոր է այն վրձնել։ Եվ նրա հրաշալի վրձնահարվածները հնարավորություն ունենք վայելելու այս ցուցահանդեսի շնորհիվ»,- լրագրողներին ասաց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Ցուցահանդեսի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեին տեսնել ծովանկարչի գլուխգործոցը՝ «Քաոս․ Աշխարհի արարում» հռչակավոր կտավը: Այս կտավի համար Գրիգոր 16-րդ Պապը Հովհաննես Այվազովսկուն արժանացրել է ոսկե մեդալի: Երբ Պապը ցանկություն է հայտնել այն ձեռք բերել իր հավաքածուի համար, ծովանկարիչը կտավը նվիրել է: Այդպես «Քաոսը» հայտնվել է Վատիկանում:
«Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին ներկա էր նաև աշխարհահռչակ ծովանկարչի ծոռնուհին՝ Ամանդա Ռոդջերսը, որը մեզ հետ զրույցում պատմեց, թե ի՞նչ հարց կուղղեր Հովհաննես Այվազովսկուն, եթե հնարավորություն լիներ։
«Գիտեք, եթե ես հնարավորություն ունենայի նրան հարցեր տալու, ապա անպայման կհարցնեի նրա կտավների գույներից։ Կտավների ստեղծման յուրահատուկ մոտեցման մասին ևս կուզենայի իմանալ։ Իսկապես հետաքրքիր է, թե ինչպես է նա կարողացել այդ ամենը տեսնել, պատկերացնել և փոխանցել կտավներին»,- ասաց Ամանդա Ռոդջերսը։
Նշենք, որ «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական և 20 վավերագիր աշխատանքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում