ԱԱԾ աշխատակիցը դատապարտվել է ազատազրկման

ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ցոլակ Մաթևոսյանն ու նրա ընկերը՝ Արսեն Բալասանյանը մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ և դրան օժանդակելու համար 7 դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման, հայտնում է Փաստինֆոն:

ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության 1 -ին բաժնի 1-ին բաժանմունքի արդեն նախկին ավագ օպերլիազոր Ցոլակ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքով, նա տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով 2012 թվականի նոյեմբերի սկզբերին, ընկերոջից’ նախկինում խարդախության համար դատված, Արսեն Բալասանյանից իմացել է, որ վերջինիս ծանոթը, ջինսե տաբատների Չինաստանից ՀՀ ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանը հարկային մարմինների հետ ունենում է խնդիրներ, որոշել է հանդիպել նրան և ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից, թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել է գումարներ: Այդ նպատակով Ցոլակ Մաթևոսյանը հնարավորին չափ տեղեկություններ է հավաքել Իշխան Ավդալյանի վերաբերյալ, պարզել, որ վերջինս վախենում է իրավապահ մարմինների աշխատակիցներից, չունի կապեր նրանց շրջանակում, վարում է թանկարժեք ավտոմեքենա և ֆինանսապես ապահովված է:

2012 թվականի նոյեմբերի 22-ին Արսեն Բալասանյանը հանդիպել է Իշխան Ավդալյանին և հեռախոսային կարճ հաղորդագրություններով Ցոլակ Մաթևոսյանին մատնանշել, թե որն է Իշխան Ավդալյանը, իսկ Ցոլակ Մաթևոսյանն էլ, իրենց բաժնին ամրակցված ծառայողական ավտոմեքենայով, հետևել է նրան: Ժամը 14-ի սահմաններում Երևանի Իսակովի խճուղու վրա կանգնեցրել և նստել է Իշխան Ավդալյանի ավտոմեքենան ու ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, վերջինիս կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը չխոչընդոտելու, իբրև թե առաջացած հարկային պարտավորությունների չկատարումը և տնտեսական բնույթի այլ խախտումներ չարձանագրելու ու կոծկելու դիմաց, ներկրված և պահեստում գտնվող ապրանքները բռնագրավելու սպառնալիքով նրանից պահանջել է 8.127.400 դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այդ պատրվակով վերջնական համաձայնության է եկել ստանալու 10.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն Իշխան Ավդալյանը գումարը չի տվել և հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ:

Ամբաստանյալները միջնորդել էին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է և որ համաձայն են մեղադրանքի հետ: Մեղադրողն ու տուժողը չեն առարկել միջնորդության դեմ, և Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ամբաստանյալ Ցոլակ Մաթևոսյանի նկատմամբ նրա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս’ դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատված չի եղել, տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երեք երեխաների առկայությունը:

Ամբաստանյալ Արսեն Բալասանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նույնպես դատարանը հաշվի է առել, որ տուժողը նրա հետ հաշտվել է և խնդրել մեղմ պատժել: Դատարանը հաշվի է առել նաև նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու երեխաների առկայությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում