Ադրբեջանցի մտավորականին իշխանությունը ատելու կոչեր է արել՝ Լեռնային Ղարաբաղը հայկական հող անվանելու համար

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հանրությանն ատելության կոչ է արել ճանաչված ադրբեջանցի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի նկատմամբ այն բանի համար, որ վերջինս հայերին թշնամի չի համարում եւ Արցախը համարում է հայկական հող:
«Ինչպես կարող է իրեն ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչ համարող մարդը կասկածի տակ դնել իր պետության տարածքային ամբողջականությունը: Այդ պատճառով Ադրբեջանի յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի պետք է ատի Ռուստամ Իբրահիմբեկովին նման հայտարարությունների համար: Անձամբ ես դատապարտում եմ Իբրահիմբեկովի այդ դիրքորոշումը եւ գտնում եմ, որ նրա արտահայտած մտքերը հայերի առջեւ պարտվողականության դրսեւորում է», -ասել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Ռուստամ Իբրահիմբեկովը իր հարցազրույցներից մեկում Արցախի հարցի շուրջ Ադրբեջանի պաշտոնական տեսակետից տարբերվող մտքեր էր արտահայտել: Նա ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայկական հող է համարում, որ հայ ժողովուրդը ադրբեջանցիների թշնամին չէ, եւ որ 21-րդ դարում հակամարտության պատերազմի միջոցով լուծումն անթույլատրելի է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում