Պաղեստինի վարչապետը հրաժարվել է իր պաշտոնից

Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադը նախագահ Մահմուդ Աբբասին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ պատճառը Ֆայադի և Աբբասի միջև ծագած տարաձայնություններն են՝ կապված Պաղեստինի ինքնավարության կառավարության վարած քաղաքականության հետ: Վարչապետի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Ֆայադի՝ պաշտոնից հեռանալու մտադրությունը:

Թեպետ երկար ժամանակ մամուլում շրջանառվում էր նախագահի և վարչապետի լարված հարաբերությունների մասին, սակայն պաշտոնից ազատելու մասին լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ անցած ամիս վարչապետն ընդունեց ֆինանսների նախարարի հրաժարականը, որին դեմ էր նախագահը:
Ֆայադը Պաղեստինի վարչապետ էր նշանակվել 2007 թվականին: Իր կառավարման առաջին տարիներին Պաղեստին տնտեսությունը զգալի աճ գրանցեց, սակայն ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո, ԱՄՆ-ն և Իսրայելը կրճատեցին Պաղեստինի ինքնավարության ֆինանսավորումը, որն էլ հանգեցրեց երկրի տնտեական վիճակի վատթարացմանը: Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված միջոցների սառեցման պատճառով երկար ժամանակ չէին վճարվում պետական աշխատողների աշխատավարձները, որն էլ իր հերթին հանգեցրեց բողոքի ակցիաների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում