Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան

Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ընդօրինակեք երանելի Հոբին, ով վախենալով նրանց մտովի մեղսագործությունից, նրանց համար զոհեր մատուցեց և երևան բերեց մեծ հոգատարություն, ընդօրինակեք Աբրահամին, որ նույնպես ձեռ ու ոտ չէր ընկնում հարստության և ունեցվածքի համար, այլ հոգ էր տանում աստվածային օրենքների մասին, թե ինչպես դրանք պահպանել և անվնաս ժառանգել սերունդներին:

Եվ երբ Դավիթը մեռնում էր, ապա մեծ ժառանգություն թողնելու փոխարեն, նա կանչեց իր որդուն, նույնը ներշնչեց և հանգամանորեն ասաց, որ եթե կցանկանաս, տղաս, ապրել Աստծոօրենքներով, ոչ մի անսպասելի բան չի պատահի քեզ հետ, քո բոլոր գործերը կընթանան ըստ ցանկության, մեծ ապա հովություն կվայելես, իսկ եթե զրկվես այդ օգնությունից, ապա ոչ մի օգուտ չես ունենա թագավորությունից ու այդ մեծ իշխանությունից: Չէ՞ որ, երբ բարեպաշտությունը բացակայում է, ապա այն հարստությունը, որ կա, ոչնչանում է վտանգով և ծայր խայտառակությամբ, իսկ եթե առկա է, ապա այն բաները, որոնք չկան, գալիս են:

Այդ պատճառով ծնողները չպետք է մտածեն այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք բոլորից հարուստ դառնան բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան, կենսական ու պատանեկան ինչպիսի հրապուրանքներ էլ որ ունենան: Եվ ջանադրաբար հարկավոր է քննել նրանց ներս ու դուրս անելը, նրանց զրույցներն ու հավաքները, իմանալով, որ եթե դրանք մերժելի են, ապա Աստծուց ոչ մի վարձատրություն չեն ստանա:

Չէ՞ որ, եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, իսկ ասված է` «ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտրի, այլ նաև ընկերոջինը» (Ա Կորնթ. 10, 24), ապա որքան ավելի է պահանջվելու երեխաների համար: Իսկ դու ամեն ինչ անում և ձեռնարկում ես, որպեսզի նրանք գեղեցիկ ձի ունենան, հրաշալի տուն, մեծարժեք հողեր, իսկ որպեսզի հոգին լավը լինի և ունենա բարի կամք, դու ամենևին ուշադրություն չես դարձնում:

Թեկուզև մեկի ունեցածը մեծ և թանկարժեք լինի, բայց եթե նա լի չէ դա առաքինաբար տնօրինելու եռանդով, ամեն ինչ կոչնչանա և նրա հետ կվերանա. իսկ երբ հոգին ազնվաբարո է և իմաստությամբ լեցուն, ապա տանը թեկուզ ոչինչ կուտակած չլինի, աներկյուղ կարող է տիրանալ ցանկացած բարիքի:

Իսկ որ ծնողներից շատերը շատ բան են քաշում երեխաների ձեռքից, ապա դա նրանից է, որ չեն ցանկանում քոթակել, խոսքով խելքի բերել և դառնացնել անառակ ու անօրեն կյանքով ապրող իրենց զավակներին, այդ պատճառով քիչ չի պատահում, որ նրանք ականատես են լինում, թե ինչպես են վերջիններս հայտնվում ծայր դժբախտության մեջ, քարշ են գալիս դատարաններում, և դահիճները կտրում են գլուխները:

Իսկապես, երբ ինքդ չես դաստիարակում, երբ ինքդ խելքի չես բերում, ապա նա, միանալով սրիկաներին ու փչացած մարդկանց խմբին ու մասնակից լինելով նրանց անառակություններին, կարգի է հրավիրվում հասարակական օրենքներով և պատժվում բոլորի աչքի առաջ, իսկ մահապատժին հետևում է ավելի մեծ խայտառակություն, որովհետև նրա վախճանից հետո բոլորը մատնացույց են անում հորը, որն ամաչում է անգամ շուկայում երևալ: Իրոք, ի՞նչ երեսով նա պիտի երևա իրեն հանդիպողներին իր զավակի այդպիսի խայտառակությունից ու դժբախտությունից հետո: Ի՞նչը կարող է անմտությունից ավելի վատը լինել:

Ասա ինձ, մի՞թե քեզ համար ամոթ չէ և չե՞ս կարմրում, երբ դատավորը պատժում ու խրատում է քո որդուն, իսկ վերջինս, կյանքի սկզբից այդքան ժամանակ ապրելով քեզ հետ, կարիք ունի օտար մեկից դաստիարակվելու: Մի՞թե ցանկություն չես ունենում փակվելու և թաքնվելու: Բայց դու, այնուամենայնիվ, ասա՛ ինձ, դեռ հանդգնու՞մ ես քեզ հայր անվանել, որ այդ կերպ մատնեցիր որդուդ` նրան անհրաժեշտ օգնություն ցույց չտալով և ուշադրության չառնելով այն արատները, որոնք նրա կործանման պատճառ դարձան:

Երբ նկատում ես, որ ինչ-որ օտարական քո երեխայի ականջակոթին է հասցնում, դու վրդովվում ես, զայրանում, չարանում և գազանային ցասումով ապտակում ես հարվածողին, իսկ երբ նկատում ես, թե ինչպես է ամեն օր սատանան քո որդու ականջին հասցնում, թե ինչպես են դևերը նրան դեպի արատները հրում, դու հանգիստ քնո՞ւմ ես, չե՞ս վրդովվում, չե՞ս զայրանում, որ դուդ չե՞ս խլում ամենասարսափելի գազանից: Եվ ի՞նչ մարդասիրության կարող ես արժանանալ: Մի՞թե անխելքություն չէ, որ դու, երբ որդիդ դիվահարվում է, վազես տալիս բոլոր սրբերի մոտ, հոգնեցնում ես լեռների գագաթներին ապրող մարդկանց, միայն թե ազատեն նրան դիվահարությունից, իսկ երբ նրան անընդհատ կեղեքում է մեղքը, որն ավելի ծանր է ցանկացած դևից, դու ոչինչ չես ձեռնարկում:

Մանավանդ ոչմի ծանր բան չկա դևից տանջվելու մեջ, որովհետև դևը բոլոր դեպքերում չի կարող դժոխք տանել, իսկ եթե մենք սթափվելու լինենք, երախտագիտությամբ կտանենք այդպիսի հարձակումները, այդ փորձությունը կարող է մեզ անգամ լուսավոր փառապսակի արժանացնել, իսկ ով կյանքն անցկացնում է անառակության մեջ, ապա նա երբեք չի կարող փրկվել, նա անխուսափելիորեն այստեղ նույնպես արժանի է անարգման, իսկ այստեղի կյանքից հեռանալու դեպքում այնտեղ նույնպես կարժանանա հավիտենական պատժի:

Ի վերջո, ինչո՞վ կարող ես արդարանալ: Քեզ կասվի, թե արդյո՞ք այնպես չտնօրինեցի, որ երեխաները սկզբից ևեթ քեզ հետ ապրեն: Նրանց գլխին քեզ ուսուցիչ կարգեցի, դաստիարակ, խնամարկու և ղեկավար, նրանց վրա ողջ իշխանությունը քո ձեռքը չտվեցի՞: Այդքան քնքուշ էակին չկարգադրեցի՞` մշակվել ու կարգավորվել: Ի՞նչ արդարացում կստանաս, եթե անհոգությամբ ես նայել նրա թռչկոտումներին: Ի՞նչ կասես: Որ նա անզուսպ և սանձարձա՞կ է:

Բայց հարկ էր, որ այդ ամենին հենց սկզբից հետևեիր` սանձեիր, երբ նա դեռ փոքր էր ու սանձի ենթակա, ջանադրությամբ ուսուցանեիր, անհրաժեշտ ուղղությամբ տանեիր, զսպեիր նրա հոգեկան պոռթկումները, երբ նա դեռ ավելի ընկալունակ էր ազդեցությունների նկատմամբ, մոլախոտը այն ժամանակ պիտի հանել, երբ տարիքը դեռ փխրուն է, և հեշտ է դուրս քաշվում, ահա այդ ժամանակ անուշադրության մատնված կրքերը չէին ուժգնանա ու անուղղելի չէին դառնա:

Ուրեմն, ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում թողությունը, երբ Աստված չի խնայում անգամ երեխաների կյանքը այն դեպքերում, երբ նրանք մեզ վիրավորում են. «Ով որ վատաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի» (Ելք, 21, 17), իսկ մենք նույնիսկ չենք բարկանում նրանց վրա, երբ անարգում են Աստծուն:

Ես, ասում է, չեմ հրաժարվի անգամ մեռցնել, երբ նա քեզ վիրավորում է, իսկ դու չե՞ս համարձակվում նույնիսկ խոսքով դառնացնել, երբ նա ոտնահարում է Իմ օրենքները: Ի՞նչ ներողամտության կարող է արժանանալ դա:

Այդ պատճառով չպետք է անտարբեր լինել երեխաների նկատմամբ, իմանալով, որ եթե նրանք իրենց լավ պահեն Աստծո հետ ունեցած հարաբերություններում, ապա հարգված ու փառաբանված կլինեն ներկա կյանքում: Բոլորը մեծարում և հարգում են նրան, ով ապրում է առաքինի ու ազնիվ կյանքով, թեկուզև նա բոլորից աղքատ լինի, ճիշտ այնպես, ինչպես բոլորը անառակին նայում են խորշանքով ու ատելությամբ, թեկուզև նա մեծահարուստ լինի:

Ով անփույթ է իր երեխաների հանդեպ, նա, թեկուզև մյուս հարցերում լավ և կարգին մարդ լինի, միևնույն է, այդ մեղքի համար արժանանալու է ծանրագույն պատժի: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մեր մյուս գործերը գտնվեն կարգին վիճակում, իսկ երեխաների փրկության մասին հոգ չտանենք, մենք կենթարկվենք ծանրագույն պատժի, այնպես որ ջանադրաբար ականջ դրեք, ինչ հիմա կասվի:

Հրեաներն ունեին մի ոմն քահանա, խոնարհ ու բարեպաշտ մի մարդ, նրա անունը Հեղի էր, նա երկու որդիների հայր էր, տեսնելով, որ նրանք դեպի չարն են գնում, չի զսպում ու չի խոչընդոտում, ավելի ճիշտն ասած` և՛ զսպում, և՛ չի խանգարում, այսինքն ողջ ջանադրությամբ չի անում` չի պատժում, այլ փորձում է, խոսքով հասկացնելով, նրանց շեղել անառակությունից ու մշտապես ասում է այսպիսի խոսքեր. «Մի՛ արեք, որդյակնե՛ր, իմ լսած լուրը բա րի չէ» (Ա Թագ. 2, 24):

Ճիշտ է, այդ խոսքերն էլ բավական կլինեին նրանց ուղղելու համար, բայց քանի որ նա ամեն ինչ չէր անում, ինչ հարկավոր էր, ապա Աստծուն հանեց իր և որդիների դեմ և տարաբախտ ժամանակներում խնայելով և՛ իրեն, և՛ երեխաներին, նրանց հետ միասին կորցրեց նաև սեփական փրկությունը:

Բացի երեխաների հանդեպ ունեցած անփութությունից, Աստված ոչ մի բանում չէր կարող մեղադրել ծերունուն: Իսկ եթե Աստված նրան ողջ տնով խորտակեց, նրան, որ թեթև մեղք ուներ, առանց պատժի կթողնի՞ նրանց, ովքեր ավելի ծանր մեղք են գործում: Եթե նա, որ քահանա էր, որ ծեր մարդ էր, որ նշանավոր էր, որ քսան տարի բարեպաշտորեն ղեկավարում էր հրեա ժողովրդին, եթե այդ ամենը անզոր եղան արդարացնել նրան, այլ ծանրագույն դժբախտությամբ վախճանվեց այն պատճառով, որ ջանադիր հոգատարությամբ չզբաղվեց երեխաներով, և նրա անփութության մեղքը, ինչպես դաժան, վիթխարի ալիք, ամեն ինչ ավերեց և բոլոր ծառայությունները մոռացության մատնեց, ապա ինչպիսի՞ պատիժ է սպասում մեզ, որ և՛ բարեպաշտությամբ ենք զիջում նրան, և՛ երեխաներին ոչ միայն չենք դաստիարակում, այլև նրանց վերաբերվում ենք ցանկացած բարբարոսից էլ ավելի դաժան:

Ինչպես որևէ մեկը չի կարող արդարացում և ներողամտություն ակնկալել իր սեփական մեղքերի, այնպես էլ ծնողները իրենց զավակների մեղքերի համար: Եվ դա շատ ճիշտ է: Եթե մեղքը մարդուն հատուկ լիներ բնությամբ, ապա ուրիշ մեկը իրավացիորեն կարող էր արդարացման հույս ունենալ, իսկ քանի որ մենք մեր բարի կամքով ենք լինում չար և բարի, ապա ինչպիսի՞ բարեհույս ուղի կարող էր ցույց տալ նա, ով թույլ է տալիս իր ամենասիրելիներին (երեխաներին) փչանալ ու անառականալ:

Այնպես որ զավակներիդ հարստություն մի ժառանգիր, այլ բարեպաշտություն: Եվ մի՞թե ծայր անմտություն չէ, երբ քանի դեռ ողջ են, նրանց չեն հանձնում իրենց ունեցվածքի տնօրինումը, այլ մեռնելիս են մեծ ազատություն տալիս թեթևամիտ պատանեկությանը: Ողջ լինելով, ծայրահեղ դեպքում կարող էինք նրանցից հաշիվ պահանջել, իսկ երբ հիմար ձևով օգտվելու լինեին, խելքի բերել ու սանձել, իսկ երբ մեռ նենք, ապա երեխաներին զրկելով ծնողից և նրանց տնօրինության տակ թողնելով երիտասարդությունն ու հարստությունը, նրանց գցում ենք անհաշիվ աղետների ու դժբախտությունների անդունդը:

Այդ պատճառով պետք է ձգտենք ոչ թե այն բանին, որպեսզի նրանց թողնենք հարուստ վիճակում, այլ այն բանին, որպեսզի բարեպաշտներ լինեն: Չէ՞ որ եթե նրանք հարստության հույս փայփայեն, ապա ոչ մի այլ բանի մասին չեն մտածի, որովհետև փողի լիությունը նրանց աչքին կնսեմացնի իրենց բարքերի արատավոր լինելը, իսկ եթե տեսնեն, որ այդ կողմից լրիվ զրկվել են մխիթարությունից, ապա ամեն ինչ կձեռնարկեն, որպեսզի առաքինության օգնությամբ մեծ մխիթարություն գտնեն աղքատության մեջ: Ուրեմն, չենք սկսի զբաղվել մասնավոր կամ հասարակական գործունեությամբ ավելի շուտ, քանի դեռ նրանց հոգիներին ուղղություն չենք տվել: Եթե դուք դաստիարակում եք ձեր զավակներին, ապա նրանք իրենց հերթին դաստիարակում են իրենց զավակներին, իսկ այս վերջիններն էլ վերստին կսովորեցնեն իրենցիններին` այդպես շարունակելով մինչև Քրիստոսի գալուստը, և այդ գործի ողջ պարգևը կհասնի նրան, ով ծառայել է որպես արմատ:

Եվ իրոք, եթե լավ ես դաստիարակել երեխային, իսկ նա` իր որդուն, իսկ սա` իրենին, և մինչև վերջին սահմանը կարծես թե ձգվում է ինչ-որ շղթա և անցած կյանքի հետևողականություն, որ սկիզբ ու արմատ է առնում քեզնից և սերունդների ջանքով քեզ էլ հասցնում է իր պտուղները: Իսկ այն հայրերը, որոնք հոգ չեն տանում իրենց զավակների պարկեշտության ու համեստության մասին, մանկասպաններ են և ավելի դաժան, քան մանկասպանները, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է հոգու կործանմանն ու մահվանը:

Այդ պատճառով նման այն բանին, երբ տեսնում ես, որ եթե ձին տանում է դեպի անդունդ, ցած ես նետվում ու բռնում նրա սանձից ու ողջ ուժով ձգելով` ստիպում ծառս լինել, երբեմն նաև հարվածելով, ինչը այլ բան չէ, քան պատիժ, բայց չէ՞ որ պատիժը փրկության մայրն է, ճիշտ այդպես վարվիր զավակներիդ հետ, եթե նրանք մեղք են գործում. կապկպիր մեղսագործին, քանի դեռ Աստծո գութը չես շարժել, նրան արձակ մի թող, որպեսզի առավել ևս հարկ չլինի կապել Աստծո բարկությամբ:

Եթե դու կապես, Աստված այնուհետև չի կապի, իսկ եթե չկապես, ապա նրան սպասում են անասելի շղթաներ: Բայց կասեն, թե նա բավական երկար ժամանակ պատիժ է կրել: Հարցնում եմ` ինչքա՞ն: Մե՞կ տարի, երկո՞ւ, երե՞ք: Սակայն ես պահանջում եմ ոչ ժամանակի տևականություն, այլ` հոգու ուղղում, դու այն ասա` արդյոք զղջացե՞լ է, փոխվե՞լ է, ամեն ինչ կատարե՞լ է, եթե այդպես չէ, ապա ոչ մի օգուտ չկա ժամանակից:

Այսպես, մենք պահանջում ենք ոչ թե հաճախական վիրակապում, այլ որպեսզի վիրակապումը ինչ-որ օգուտ տա, եթե այն օգտակար է եղել շատ կարճ ժամանակում, ապա այլևս չի դրվում, իսկ եթե ոչ մի օգուտ չի տվել, ապա տասը տարի անց էլ դեռ պետք է դրվի` կապվածին ազատ արձակելու ժամկետը այս է՝ նրա ստացած օգուտը:

Եվ իշխանություն ունեցողին ոչ մի ուրիշ բան այնպես լավ չի բնութագրում, որքան ջերմ սերը իր ենթակաների նկատմամբ: Եվ մարդուն հայր դարձնում է ոչ միայն այն, որ նա ծնել է, այլև այն, որ ծնվածին սիրում է: Եթե բնության ոլորտում սերն անհրաժեշտ է, ապա առավել ևս` վերին օգնության ոլորտում:

Իսկ դու, մանկիկ, հնազանդիր քեզ ծնողին, ինչպես ծառան (տիրոջը): Ինչո՞վ պիտի հատուցես այն, ինչ քեզ (տվել են): Դու չես կարող քո հերթին ծնել նրանց: Նմանապես, երբ հայրդ խրատում է եղբորդ, նրա հետ զայրացիր նաև դու` կամ եղբորդ նկատմամբ ունեցած հոգատարությունից, կամ հորդ նկատմամբ եղած կարեկցանքից, որովհետև եթե մեղավորը տեսնի, որ հայրն իրեն պատժում է, իսկ դու քաջալերում ես, նա ավե լի անփույթ կդառնա և վնասը միայն դրանով չի վերջանա, իսկ դու քեզ վրա կվերցնես հատուցումը:

Այդպես նաև նա, ով խոչընդոտում է վերքի բուժմանը, շատ ավելի պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է (վերքը), որովհետև նույն բանը չէ` վիրավորել և խանգարել վերքի բուժմանը, վերջինը վերջնականապես հանգեցնում է մահվան, իսկ առաջինը` ոչ այնքան:

Եկեք անհարգալից չլինենք ծնողների նկատմամբ, որովհետև եթե նրանց հարգանքով չվերաբերվենք, ապա ղեկավարության առջև ունեցած վախից անպայմանորեն ստիպված եք լինելու հնազանդվել, իսկ եթե մեղք գործելով կարհամարհենք նրանց, ապա ոչ մի դեպքում չենք կարող խուսափել խղճի խայթից. եթե դրան էլ բանի տեղ չդնենք ու մերժենք, ապա ստիպված կլինենք ուղղվել հանրային կարծիքի նկատմամբ ունեցած երկյուղից, եթե սա էլ հեղի նակություն չէ, ապա մենք, հակառակ մեր կամքի, ի վիճակի ենք լինելու նրան խելքի բերել օրենքի նկատմամբ եղած վախով:

Նման այն բանին, որ այն դեպքում, երբ պատժվում են չարագործները, մյուսները ավելի լավն են դառնում, այդպես էլ այն դեպքում, երբ ոմանք ճիշտ են վարվում, շատերը ձգտում են ընդօրինակել նրանց:

Եվ երեխան, քանի դեռ գտնվում է խիստ դաստիարակի հսկողության տակ, զարմանք չի հարուցում, թեկուզև խոնարհ լինի, թեկուզև պարկեշտ կյանքով ապրի, սակայն պատանու խոնարհությունը վերագրում են դաստիարակի նկատմամբ ունե ցած վախին, իսկ երբ դրա անհրաժեշտությունը (դաստիարակի) վերանում է, իսկ երեխան շարունակում է պահպանել միևնույն մաքուր բարքերը, այն ժամ բոլորը հենց նրան են վերագրում նաև նախորդած տարիքի խոնարհությունը:

Այդ պատճառով հարկ է դաստիարակներին ավելի գնահատել ու սիրել, քան հայրերին. այս վերջիններից պարզապես կյանքն է սկիզբ առնում, իսկ դաստիարակներից` լավ կյանքը: Եվ եթե հայրդ իր ողջ կյանքում սուրբ է եղել, մի փքվիր, հենց դա քեզ համար դատապարտման առիթ կհանդիսանա, երբ տանն ունե նալով ազնվաբարոյության օրինակ` դու քեզ նախահայրերիդ առաքինության հանդեպ անվայելուչ ես պահում:

Մեծ բարիք է անմիջական բարի արարքներով փրկվելու հույս ունենալ, որովհետև այն տեղի կյանքում ոչ մի դեպքում ոչ մի ընկեր քեզ չի պաշտպանի: Եթե այստեղ Երեմիային ասվում է` մի՛ խնդրիր այդ ժողովրդի համար այստեղ, ուր ենթակա ենք փոփոխությունների, ապա առավել ևս այն կյան քում:

Այսպիսով, նախնիների գովաբանումը նշանակում է նաև մեզ գովաբանել, իսկ եթե ոչ` ոչ մի նշանակություն չունի, նույնիսկ ավելի մեծ դատապարտություն է հարուցում:…

Հատված՝ Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ «ՃԱՌԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ» գրքից
Սբ. Էջմիածին 2015թ.

Սկզբնաղբյուր՝   ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում