Ես ատլանտյան թույլ հոսանք եմ

Ես ատլանտյան թույլ հոսանք եմ, որի միջով մի նավ է անցնում,
իմ մեջ հսկա շնաձկներ են վխտում, ու ամենավերջինը դու էիր,
դու, որ անվերադարձ փակվող դուռն էիր
ու երջանկությունը, որ վարանեց մի պահ ու գլխահակ հեռացավ,
դու, որ էս շուն անձրևն ես, չկարդացածս գրքի անմխիթար էջերը,
սեր իմ,
երբեմն այսպես է ավարտվում կիրակին՝
կողքիդ պառկած, ինչպես ասֆալտին մոլորված ոտնահետքերիդ ձեռագիրը,
մատներս երկար փողոցներ են,
որ ինձ տանում են քեզնից ու ճանապարհի կեսին մոռանում, թե՝ ուր,
հիշիր ինձ էսպիսին ու երբեմն էլ անիծիր,
շրթունքը թող ժայռ դառնա, կզակի փոսը՝ անդունդ,
գրպանում գաղտնի պահած հրաժեշտը՝ դանակ՝ կոկորդին դեմ տված։

Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում