Ապրիլի 9-ի իրադարձություններы հաստատեցին, որ ՀՀ-ում վերջին 5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել. Հրայր Թովմասյան

Երևանում ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը եկան կրկին հաստատելու, որ ՀՀ-ում վերջին 5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում  կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

«Դրա հետ մեկտեղ փոխվել է մեր ոստիկանության որակը, նաև քաղաքական համակարգում ավելացել են հանդուրժողականության էլեմենտներ: Մեր ոստիկանությունը հստակ գիտի’ ինչ է նշանակում խաղաղ հավաք և նախատեսված կարգի խախտման պարագայում ինչպիսի համաչափ միջոցառումներ պետք է ձեռնարկի: Այն ոստիկանությունը, որը մենք տեսանք, իրավական պետությանը հարիր ոստիկանություն է»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Այն գործողությունները, որ կատարեց ՀՀ ոստիկանապետը, իր պետությունը սիրող, ժողովրդին նվիրված, ոստիկանության գործունեությունն առաջին պլան մղող մարդու գործողություն էր: Հրայր Թովմասյանը հիշեցրեց, Վլադիմիր Գասպարյանը ոչ թե իր առանձնասենյակում էր, այլ այնտեղ, որտեղ բախման վտանգ կար: «Այն, որ չեղան շատ լուրջ բախումներ, հենց մեր ոստիկանության և Րաֆֆի Հովհաննիսյանի մարդու տեսակի շնորհիվ էր, ինչը մեր երկրի հետագա զարգացման գրավականներից մեկն է»,- ընդգծեց Թովմասյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ, այն քաղաքական քայլ էր և իր համար անընդունելի է:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքվածների ճնշման տակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է եւ իրենք չեն կարող հակասահմանադրական գործողություններ թույլ տալ: Ցուցարարները փորձել են ուժ կիրառելու եղանակավով ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում