Հայաստանում ընդդիմությունը թույլ է. Կարինե Հակոբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական զարգացումներին’ «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը նշեց, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար ընդդիմությունը պետք է լինի բավարար կազմակերպված և ուժեղ, որպեսզի թույլ չտա, որ լինեն կեղծիքներ, և հասարակության վստահությունը վայելելով՝ կարողանա իշխանությանը փաստի առաջ կանգնեցել:

Նրա կարծիքով’ այն, ինչ տեղ է ունենում Հայաստանում, ընդհանրապես դուրս է օրինաչափությունից:

Ըստ բանախոսի’ իշխանություն փոխելու երեք ճանապարհ կա. մեկը՝ ընտրությունների ընթացքում, հենց ընտրության օրը, երկրորդը՝ ընտրություններից հետո հեղափոխական ճանապարհով և երրորդը՝ ընտրությունների հետո բարեփոխումների ճանապարհով, այսինքն՝ փոխում ես ոչ թե իշխանությունը, այլ իշխանության որակը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը այս երեք ճանապարհներից ոչ մեկը չի ընտրել:

«Ընդդիմությունը ընտրության օրը կազմակերպված չէր և չկարողացավ ամբողջությամբ տեր կանգնել ձայներին, իսկ դրանից հետո հեղափոխական ուղին մերժում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուս կողմից՝ իշխանությունը բարեփոխելու ճանապարհը նա պարզապես անտեսում է»,- ասաց նա և հավելեց, որ ստեղծված իրավիճակում ճիշտը բարեփոխումների ճանապարհն է, որի իրականացումը պետք է լինի հասարակական պահանջով և կախված չլինի մեկ անձից: Բանախոսի համոզմամբ, համակարգի, սահմանադրության և օրենքների բարեփոխումն անհրաժեշտություն է, որի համար պետք է ստեղծվի պետական բյուջեից ֆինանսավորվող, քաղաքական , հասարակական գործիչներից ու փորձագետներից կազմված անկախ հանձնաժողով:

«Ընդդիմությունը օրենսդրորեն թույլ է, հնարավոր չէ Հայաստանում ընդդիմությունը լինի ուժեղ, սահմանադրորեն հնարավոր չէ, հենց միայն ֆինանսավորման առումով: Սակայն զարմանալի է, որ ընդդիմությունը դա չի կարևորում: Սերժ Սարգսյանի կողմից համակարգային փոփոխությունների առաջարկից ավելի մեծ առաջարկ ես չեմ պատկերացնում: Նույն հանրահավաքներով, նույն պայքարով դա կարելի էր իրականացնել: Դա դժվարին ճանապարհ է, բայց ճանապարհ է, որը տանում է ինչ-որ տեղ»,- նշեց Կ. Հակոբյանը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջներին, նա նկատեց, որ պետք է խոսվեր ոչ թե պաշտոնների, այլ այն սկզբունքների մասին, թե ինչպես են նշանակվում այդ պաշտոնները. «Ասենք, փոխեցինք, հինգ պաշտոնի ուրիշ մարդ նշանակեցինք, ի՞նչ երաշխիք, որ այդ հինգը ավելի լավն են լինելու, քան նախորդները այս նույն նույն խաղի կանոններով: Այսինքն՝ ընդդիմությունն ինքը չի կարողանում խնդիրը ճիշտ ձևակերպել»,- ընդգծեց հրապարակախոսը:

Ինչ վերաբերվում է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին’ նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «երկու քարի արանքում էր»: «Նա հեղափոխությունը մերժում է, բարեփոխումների ճանապարհը մերժում է, ի՞նչ պետք է աներ: Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել, որ այդ օրն ինքը չգնաց առճակատման, չի կարելի, քանի որ նա դա չի ընդունում և ճիշտ է անում, որ չի ընդունում»,- ասա նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին բանախոսը կարծիք հայտնեց, որ Երևանը միջոց է դարձել ընտրապայքարի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում