Այսօր քննարկվել է մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ հանձնաժողով ստեղծելու հարցը

Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:

ԱԺ ապրիլի 11-ի նիստում հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ «հարյուրավոր հանցագործներ մնացել են անպատիժ»: «Անցել է մոտ հինգ տարի և ավելի, բայց այդ հանգագործություններից ոչ մեկը բացահայտված չէ, թեև 83-ից ավելի անձինք դատի են տրվել, բայց նրանցից ոչ մեկը չի դատապարտվել»,-ասաց Ջհանգիրյանը: Նա հույս ունի, որ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդից: «Գնահատվելու են ոստիկանության, հատուկ քննչական ծառայության ձեռնարկած գործողությունների օրինականությունը և հիմնավորվածությունը: Հանձնաժողովի իրավուքները չեն տարբերվելու նախորդ հանձնաժողովի ունեցած իրավուքներից»,-ասաց Ջհանգիրյանը:

Հանձնաժողովի որոշմամբ հրավիրվելու են պաշտոնատար անձինք, նաև քաղաքացիներ’ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար: Հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն ունենալու է երկու անդամ, իսկ մյուսները’ մեկական: «Պետք է քննարկել նաև մեկ անկուսակցական պատգամավոր ընդգրկելու հարցը»,-ասաց Ջհանգիրյանը:

2008թ.-ի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում