Հայաստանին անհրաժեշտ է հզոր ընդդիմություն. Ալեքսանդր Իսկանդարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասաց, որ Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է, և նույնիսկ միավորվելու դեպքում հնարավոր չի լինի լուրջ մրցակցություն ստեղծել իշխող Հանրապետական կուսակցության համար:

Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ՝ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար չի հավաքվում, նրանցից շատերը եթե նույնիսկ ընտրել են իրեն, ապա ուղղակի դեմ են եղել իշխանությանը. «Մարդիկ պատրաստ էին ընտրել ցանկացած մեկի, միայն ոչ՝ Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ կոորդինացնել այդ ձայները՝ 37 տոկոսը քիչ թիվ չէր»:

Այն հարցին, թե ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածն ինչպե՞ս կանդրադառնա շարժման վրա, հնարավո՞ր է հիասթափություն առաջանա, Ա. Իսկանդարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ոչինչ չի էլ սկսվել, որ ավարտվի, այնպես որ՝ եթե նույնիսկ ոստիկանները պատը բացեին, և հավաքվածները հասնեին Բաղրամյան 26, ապա ոչինչ էլ չէր լինի: Մինչև Երևանի ավագանու ընտրությունները մի քանի հանրահավաքներ կլինեն, իսկ լուրջ ոչինչ էլ չի լինի:

Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է, բայց այնպես չէ, որ դա լավ է մեր երկրի համար, չգիտեմ՝ այս պահին կամ հետագայում ո՞վ կարող է, ինչպե՞ս կարող է, բայց Հայաստանին անհրաժեշտ է հզոր ընդդիմություն:

Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ավարտվելու է այնպես, ինչպես նախորդ բոլոր տարիներին. «Թե՛ Վազգեն Մանուկյանն էր կարծում, որ հաղթել է, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Կարեն ու Ստեփան Դեմիրճյանները, բայց ամեն ինչ ավարտվեց միօրինակ: Այդպես էլ հիմա է, բայց ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի 21 տոկոսը հենց իր ձայներն էին, կարող էին, չէ՞, մարդիկ ընտրել, ասենք, Արթուր Բաղդասարյանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում