ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին ներկայացվել են ոլորտում ընթացող բարեփոխումները
Նմանատիպ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին։
Ներկայացնելով այցի առաքելությունը` ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը նշել է, որ արդեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ, այցելել տարբեր բժշկական կազմակերպություններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Դաինիուս Պուրասին Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները ներկայացվել են նախարարի աշխատասենյակում փակցված աղյուսակներով։
«Ֆինանսական ոչ բավարար միջոցների և բնակչության որոշակի հատվածի աղքատության պայմաններում, անշուշտ, մեր ծրագրերի ուղղվածությունը սոցիալապես անապահով խմբերի համար բժշկական օգնության մատչելիության ապահովումն է։ Դա նաև երկրի նախագահի հանձնարարականն է, բխում է Կայուն զարգացման նպատակների և 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի պահանջներից»,– ասել է Լևոն Ալթունյանը։
Ներկայացնելով մինչ այդ կատարված քայլերը` ակտուարական ուսումնասիրություններ, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում, բժշկական ծառայությունների գների հաշվարկման նոր մեթոդաբանության մշակում և այլն, Լևոն Ալթունյանը նշել է, որ 2018թ. ապրիլից սոցիալապես անապահով և այլ խմբերի մոտ 620 հազար բնակիչների համար պետությունը ձեռք կբերի բժշկական ապահովագրական փաթեթներ՝ ծառայությունների բավական մեծ ընդգրկումով։
«Այս պահին քննարկումներ են գնում ծրագրի իրականացման համար արտաբյուջետային աղբյուրներից լրացուցիչ միջոցներ հայթայթելու ուղղությամբ»,– հավելել է նախարարը։
Որպես պիլոտային ծրագիր, դրան կնախորդի ավելի փոքր խմբի՝ սոցփաթեթի շուրջ 100 հազար շահառուներին հոկտեմբերի 1-ից նույն մեխանիզմով բժշկական օգնության տրամադրումը։ Այս երկու ծրագրի մշտադիտարկման արդյունքում կբացահայտվեն թաքնված խոչընդոտներն ու թերությունները, որոնց շտկումով էլ կմշակվի ամբողջ բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության օրենքի նախագիծը, որն, ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2019թ. հունիսսեպտեմբեր ամիսներին։
Նշվել է, որ այս ծրագրերի հաջող իրականացմանը կնպաստի էլեկտրոնային առողջապահական համակարգը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ վերջին մեկ տարում հաջողվել է արագացնել 2010թ. մեկնարկած այս ծրագրի իրականացումը։
«Պետական պատվերի շրջանակում տրամադրվող բժշկական օգնությունը մայիսից ֆինանսավորվում է բացառապես էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտքագրված տեղեկատվության հիման վրա»,- ընդգծել է նախարարը։
ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին Լևոն Ալթունյանը ներկայացրել է նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական կազմակերպությունների օպտիմալացման տրամաբանությունն ու նպատակները։
«Սրանք այն բանալիներն են, որոնք թույլ կտան ապահովելու բժշկական ծառայությունների որակն ու գների նվազեցումը»,- ասել է նախարար Ալթունյանը։
Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը՝ ավելի արդյունավետ և հասանելի դարձնելուն, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության ներդրմանն ուղղված քայլերը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ ՄելիքՆուբարյանը։
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդ Բազարչյանը ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին ծանոթացրել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգի և բուժանձնակազմի հավաստագրման ներդրմանը։
«Պաշտպանելով մարդու առողջ միջավայրում ապրելու բացարձակ իրավունքը՝ մենք նոր թափ ենք հաղորդել ծխախոտի դեմ պայքարին»,- ասել է Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ հաշվի են առնվել աշխարհի հաջողված փորձերը, մշակվել է ազգային ռազմավարություն` նպատակ ունենալով առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը կրճատել շուրջ 10 տոկոսով։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հոգեկան առողջության խնդիրներին, մասնավորապես` երեխաների և մեծահասակների համար համայնքային ծառայությունների մատուցման անցնելուն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց առողջության իրավունքին և այլ հարցերի:
Ներկայացված ծրագրերի առանձին մանրամասներ հստակեցնելուց հետո Դաինիուս Պուրասը նշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը լավ ձեռքերում է։ «Խրախուսելի է, որ բարեփոխումներ իրականացնելիս մտածում եք նաև ռիսկերի և հնարավոր թերությունների մասին»,– ասել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը։ Դրական համարելով նաև ոլորտում ֆինանսավորման թափանցիկության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը՝ նա իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում առողջապահության ֆինանսավորման ՀՆԱի փոքր տոկոս լինելու կապակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում