ՊԵԿ. մամուլը լեգենդներ է հյուսում

ՀՀ կառավարության առընթեր Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է գերատեսչության ղեկավար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին եւ դրանք անվանել է լեգենդներ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնինը տարածել է հաղորդագրություն – պարզաբանում, որում մասնավորապես ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու գործընթացը: «Մոցարտ», գետնանցում, հիմա էլ «Կարֆուր», անգամ պարսկական շահին հարիր ունեցվածք… Լեգենդներ հյուսելու և կոմիտեի պարզաբանումներն անտեսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից: Դեռևս օմբուդսմենի զեկույցին անդրադառնալիս ենք նշել, որ ըստ օրենքի’ հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն և չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց նման գործունեությունն օրենքը որևէ կերպ չի արգելում: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, չանսալով պաշտոնական տեղեկատվությանը, շարունակում են ստահոդ լուրեր տարածելով ջրել «ուրիշի» արտը’ բնավ ոչ հանրային շահից ելնելով: Միտումն ակներև է. խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Մնում է եզրակացնել, որ իրար խառնված աղբյուրների խիստ անհանգստության պատճառը կոմիտեի լավ աշխատանքն է’ բյուջեի մուտքերի հաջող ապահովմամբ և արդյունավետ բարեփոխումներով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում