Մեջքով զգում, շոշափում եմ Քեզ
Նմանատիպ
Ինչո՞ւ ինձ ստեղծեցիր այսքան համառորեն հիմար
ու Քեզ փնտրողների մեջ կույրերից կույրը դարձրիր:
Սևազգեստ կանանցից զգուշացիր,
նրանք Քեզ մի օր գերեզման կհասցնեն.
ագռավի կռռոցը խառնվում է ճերմակին,
ես էլի Քեզ մեջքով եմ կանգնած:
Հոտով ճանաչում եմ Քեզ
բոլոր հնարավոր կամուրջներից
նետվող-փրկվողների,
բոլոր կացնահարված ծառերից
կախվող-հառնողների մեջ,
ես Քեզ ճանաչում եմ
բոլոր հայելիների,
ջրափոսերի մեջ:
Ինչո՞ւ ինձ պատահած ձյուներն
այսքան ցեխոտ եղան,
իսկ զգեստս թարսի պես այսքան թափանցիկ,
և ձյան հետքերը՝ սև-սև, սև…
Իսկ մարմինս վառարան, փայտ եղավ
մրսած-սառածների համար:
Էլի Քեզ մեջքով եմ կանգնած.
բա որ շրջվեմ՝
հանկարծ Դու չլինես
կամ որ ավելի սարսափելի է՝
Դու լինես հանկարծ,
էլ ո՞ւմ պիտի սպասեմ:
Սևազգեստ կանանցից զգուշացիր
(թումբերից աչքով են անում մրջյունները՝
Քեզ մաս-մաս հավաքող)
ու սիրիր երամը ագռավների՝
համառորեն ձյան մեջ մխրճվող…
Մեջքով զգում, շոշափում եմ Քեզ
ու նետվում ներքև:
Ձյունը սևանում է ագռավների կռռռոցից…
Ռուզաննա ՈՍԿԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում