Գրենոբլի հայ համայնքը կշարունակի աջակցության ծրագրերը Սեւան քաղաքում

Վերջերս պաշտոնական այցով Սեւան քաղաքում էր գտնվում Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի «Հայ մշակույթի տան» նախագահ Սիրանուշ Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, այցի նպատակն էր՝ ծանոթանալ Գրենոբլ քաղաքի «Հայ մշակույթի տան» ներդրումներով արդեն իրականացված ծրագրերին եւ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ քննարկել ապագա աջակցության ծրագրերի ներդրման ուղղությունների մասին: 

Ինչպես ներկայացվեց Սեւանի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում՝ Սեւան համայնքի թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ» եւ թիվ 4 «Գալիք» մանկապարտեզներում եւ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչներ՝ Գրենոբլի քաղաքապետարանի եւ «Գրենոբլ Գոսպել Սինգերս» երգչախմբի հովանավորությամբ:

«Մինչ համայնքի ղեկավարին հյուրընկալվելը Սիրանուշ Խաչատրյանը համայնքապետարանում հանդիպեց «Բողբոջ» եւ «Գալիք» մանկապարտեզների տնօրեններին, աշխատակիցներին եւ սաներին:Հանդիպման սկզբում Սեւան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք Սեւանի համար ունեն իրական նշանակություն եւ հեռանկարային են, մասնավորապես` այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ, Սեւանի հաստատություններում եւ մասնավոր սեկտորում արեւային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ: Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահը սեւանցի գործընկերներին ներկայացրեց Գրոնոբլում գործող հայկական համայնքը, դրա դերակատարումը քաղաքում, համագործակցված աշխատանքը ֆրանսիական կողմի հետ, ունեցած ձեռքբերումները, հայապահպան գործունեությունը: Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, խոսելով համայնքային առաջնահերթությունների մասին, առանձնացրեց օրակարգային կարեւոր մեկ հարց` ուսանողական ավտոբուսի գործարկումը, որի կարիքը շատ է զգացվում Սեւանի բազմաթիվ ուսանողների համար: Ավտոբուսի կամ ավտոբուսների գործարկումը լինելու է անվճար, ծառայելու է համայնքի ուսանողներին, որի շնորհիվ լուծվելու է սոցիալական եւս մեկ հրատապ խնդիր»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ վերոնշյալ հաստատություններում տեղադրված արեւային ջրատաքացուցիչները շենքերն ապահովում են շուրջօրյա տաք ջրով եւ նկատելիորեն կրճատում ջեռուցման ծախսերը: «Գրենաբլի հայ համայնքի ներկայացուցիչը Սեւանից մեկնեց առաջարկությունների նոր փաթեթով, որը կարծում եմ, կունենա գործնական շարունակություն»,- հավաստեց քաղաքապետի խորհրդականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում