Մարդու աչքը

Աստծու պատվիրանները պահելը և՛ աշխարհային և՛ թե հոգևոր կյանքում կարևոր է:

Դրանք պահող անձը, երբեք վախ չունի, թե կարող է ձախորդություն ունենալ իր կյանքում, որովհետև հետևում է իր խղճի ձայնին ու միշտ բարձր է մնում բոլոր այն հակասական երևույթներից, որոնք հանդիպում են իրեն, կամա թե ակամա, իրեն դժվարության մատնելու ու իր հավատքի մեջ թուլություն մտցնելու մտածումով:

Թորգոմ Պատրիարք Գուշակյանն ասում է.

«Ու այդ պատճառով անհրաժեշտություն է իր չափի մեջ պահել դրամի համար զգացված սերը: Առանց սանձի` մի գազան է այն, մի բռնավոր, որը խորտակում է ամեն ինչ որ գեղեցիկ է հոգու մեջ: … «Սա այն մոլությունն է, որ փչացնում է բոլոր մյուս առաքինություններին, երբ մի անգամ իրեն իբրև բույն է դարձնում սիրտը, այնտեղ այլևս տեղ չունի սերը. ո’չ ընկերոջ, ո’չ ընտանիքի, ո’չ ազգի, ո’չ Աստծու և ո’չ իսկ իր անձի – այս վերջինը անշուշտ իր լավագույն իմաստով – այո’, ո’չ իսկ իր անձի նկատմամբ:… Ի զուր չի, որ հառաչել է հնության ամենամեծ բանաստեղծներից մեկը. «Գարշելի արծաթսիրություն, ի´նչ ահավոր ոճիրների ես առաջնորդում դու հաճախ մարդկային սիրտը» :

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է:
Այս հեքիաթը կարծում եմ հետաքրքիր է:

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ . ՀԵՔԻԱԹ. ՀԵՂԻՆԱԿ՝ ՆԱՐ-ԴՈՍ

Ըստ այս հեքիաթի մի մարդ հետաքրքիր իր է գտնում և չի հասկանում, թե դա ի՞նչ է ու այն ցույց է տալիս իր հարևաններին, ընկերներին, հարազատներին, քաղաքում՝ մարդկանց, սակայն ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է: Իրը ո’չ ադամանդ է, ո´չ քար, ո´չ ընկույզ: Լուրը հասնում է թագավորին, որը հրամայում է այդ իրը տանել իր մոտ: Գյուղացին տանում է թագավորին, որը ուզում է գնել այդ: Ու հարցնում է նրան, թե ինչքանո՞վ կծախի այդ իրը:

– Դրա քաշով ինձ ոսկի՛ տուր, – ասում է գյուղացին:

Գնում են գանձարան, որտեղ մեծ հարստություն կար: Գանձապետը վերցնում է ամենափոքր կշեռքը, նժարի մի կողմում դնում է անծանոթ իրը, իսկ մյուսում՝ ոսկին: Ինչքան դնում է, անծանոթ իրը տեղից իսկ չի շարժվում:

Գանձապետն ավելացնում է ոսկիները, բայց անօգուտ: այդ ժամանակ գանձապետը վերցրեց ամենամեծ կշեռքը ու սկսեց ոսկի լցնել նժարին: Բայց զարմանալի իրը դարձյալ ծանր էր: Սկսեցին ոսկիները տոպրակներով լցնել, բայց իրը միշտ ծանր էր մնում:

Թագավորը այս տեսնելով բարկանում է և հրամայում պատժել գյուղացուն: Գյուղացին սարսափից դողալով՝ ներում է խնդրում նրանից: Թագավորը խղճում է նրան, զգալով, որ նա ոչ մի բանից տեղյակ չէ և հրամայում է իր երկրի բոլոր գիտակներին, իմաստուններին այս իրը քննելու և բացատրություն տալու, բայց ոչ մեկը չի կարողանում գոհացում տալ նրա այս հարցմանը:

Թագավորի սուրհանդակները շրջում են աշխարհով մեկ ու գտնում են տարիքով մի ծերունու, որ համաձայնվում է լուծել այս անծանոթ իրի խնդիրը:

Ալևորը հենց տեսավ իրը, պահանջեց, որ բերեն ամենափոքր կշեռքը և մի բուռ հող: Բերին ծերունու ուզածը: Կշեռքի մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին սկսեց հող լցնել: Կշեռքի նժարները շարժվեցին և հավասար կանգնեցին:

Ապշահար թագավորը հարցրեց.

– Այդ ի՞նչ է, ո’վ խելոք մարդ:

– ՍԱ ՄԱՐԴՈՒ ԱՉՔ Է, ԹԱԳԱՎՈ՛Ր, – պատասխանեց ծերունին, – ԴՈՒՔ ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՔ ՈՒԶՈՒՄ ՍԱ ԿՇՌԵԼ ՈՍԿՈՎ, ԲԱՑԻ ՀՈՂԻՑ ՍՐԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԿՇՏԱՑՆԻ»:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում