Հայաստանն ու Եգիպտոսը ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը սեպտեմբերի 30-ին փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:
Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները և արտոնյալ շուկաները:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Եգիպտոսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը:
Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև:
Կողմերն անդրադարձել են նաև լոգիստիկ ընկերությունների միջև փոխգործակցությանը:
Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի և երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական փոխգործակցությունը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրնը ելույթներով ողջուրնել են հայ-եգիպտական գործարար համաժողովի մասնակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում