Փայտփորիկի երգը

Այս աղմուկը անտառում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Երբեք էլ չի դադարում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Աղմուկից այդ օգտակար
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն…

Փայտփորիկն է, օրն ի բուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Բուժում ծառ ու ծառաբուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես…

Ով ծանոթ է այդ երգին՝
Կացին չի առնի ձեռքն իր,
Չէ՞ որ ամոթ է կտրել
Ծառն այն, որ հավքն է փրկել:

Աղմուկից այդ օգտակար՝
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն,
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես.
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ…

 

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում․ բանաստեղծ-մանկագիր։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1966 թվականին։

1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։

Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական Գրող» և Արևիկ հրատարակչություններում։

1999 թվականին «ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՈՒՂԵԿԻՑ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» պետական գրական առաջին կարգի մրցանակի։

2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչումը։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական Գրող» հրատարակչությունում։

Հայաստանի գրողների Միության անդամ է 1968 թվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում