Սուրբ Էջմիածինը հայ միջնադարյան մանրանկարչությունում
Նմանատիպ
Սիրելի՛ ընթերցող, այսուհետ ձեզ կներկայացնենք բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի՝ «Սուրբ Էջմիածինը արվեստում» գրքից հատվածներ: Գրքում ցույց է տրվում, թե ինչպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնի հանդեպ ժողովրդական սերն իր արտահայտությունն է գտել գրականության, ժողովրդական բանահյուսության մեջ և արվեստի տարբեր բնագավառներում:Քննվում է այն հարցը, թե Սուրբ Էջմիածնի ընդհանրացված պատկերի կոմպոզիցիոն ձևավորման վրա ինչ ազդեցություն են թողել այս թեմայով գրական ստեղծագործությունները:
Ինչպես ընդհանուր քրիստոնեական, այնպես էլ հայ միջնադարյան եկեղեցական արվեստի ու գրականության յուրահատկություններից մեկը այդ ստեղծագործությունների տոնախոսական բնույթ ունենալն է, որով այս գործերի ստեղծումը մեծապես պայմանավորված էր եկեղեցական «Տոնացույց»-ում սահմանված տոներով:
Հարկավոր էր, որ յուրաքանչյուր տոնին նվիրված, ինչպես նաև օրվա խորհուրդը մեկնաբանող ճառեր ու քարոզներ ստեղծվեին:
Մեր մանրանկարչության նշանակալից գործերը՝ լինեն սուրբգրային, թե ազգային-եկեղեցական տոների թեմաներով, լիովին պայմանավորված են տոնացուցային նույն այս սկզբունքով: Ավետարանների տերունական թեմաներից ընտրվել են հատկապես նրանք, որոնք ունեն իրենց համապատասխան տոնը:
Տոնացուցային ընթացքով կազմված «Շարակնոց» և թվարկված եկեղեցական ժողովածուներում տվյալ տոնին նվիրված ստեղծագործության կից էջին հաճախ պատկերվել է նույն այդ թեմայով ստեղծված մանրանկարը:
Նույն օրինաչափությունն ենք գտնում և Ս. Էջմիածինը պատկերող մանրանկարներում, որոնք հիմնականում զետեղված են Ս. Էջմիածնին նվիրված նման տոնական ստեղծագործություններին կից էջերում:
Սուրբ Էջմիածնի Տոնացուցային երկու կանոնները
Հայոց եկեղեցական «Տոնացույց»-ում Ս. Էջմիածնին նվիրված երկու տոն կա: Առաջինը կատարվում է Հոգեգալստյանը հաջորդող երկրորդ կիրակի օրը՝ «Տօն Կաթուղիկէ Ս. Էջմիածնի»: Տոնին նախորդող շաբաթ օրն էլ կատարվում է «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն»՝ Ս. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելու հիշատակը, ուստի այն հիշատակությունն է վիրապից ելնելուց հետո Լուսավորչի տեսած հրաշալի տեսիլի, որում լույսի շողերով գծագրվեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարը:
Երկրորդը Շողակաթի տոնն է, որը կատարվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը նախորդող շաբաթ օրը, քանի որ համաձայն ազգային-եկեղեցական ավանդության և վերջինիս վրա հիմնված տոմարական հաշվումների՝ Մայր Տաճարի օծումը կատարվել է 303 թվականին՝ Տիրամոր Վերափոխման տոնին: Այս տոնը Շողակաթ է կոչվել ի պատիվ այն լույսի, որի երկնքից կաթմամբ Լուսավորչի տեսիլքում գծագրվեց և կառուցվեց Մայր Տաճարը: Ինչպես տոնի անվանումում է ասվում. «Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին»: Այս տեսիլի հետևողությամբ և Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին օծված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Մայր Տաճարը մինչև 17-րդ դարի կեսերը անվանվել է «Շողակաթ Սուրբ Աստվածածին»:
Մաղաքիա պատրիարք Օրմանյանը գրում է. «Ս. Լուսաւորչի տեսիլքէն առնուած է անունը, ինչպէս և Էջմիածին անունը, և կը նշանակէ թէ «Շող լուսոյ կաթեց» երկինքէն:
Երկու տօներն ալ Լուսաւորչի տեսիլքին հետ կապուած են, միայն թէ Էջմիածնի տօնը ուղղակի տեսիլքին տօնն է, իսկ Շողակաթի տօնը նոյն տեսիլքին համեմատ շինուած Էջմիածնի Մայր Տաճարին նաւակատիքին տօնն է:
Մայր տաճարն ալ Աստուածածնի անունին նուիրուած ըլլալով՝ Վերափոխման մեծ տօնին նախընթաց շաբաթ օրը Շողակաթի տօն կը կատարուի, այսինքն Մայր Տաճարին նաւակատիքի տարեդարձը և պատմական յիշատակներու հաշուով ալ 303 տարւոյ Աստուածածնի տօնին նուիրագործուած և օծուած է նոյն տաճարը»:
Վիրապից ելնելու տոնը կապվում է Լուսավորչի՝ թե՛ մինչև վիրապը նետվելը, և թե՛ վիրապում կրած չարչարանքների հետ, իսկ Շողակաթի տոնը արդեն տոնն է Ս. Էջմիածնի, որի համար տոնացուցային բնույթի ժողովածուներում Ս. Էջմիածինը պատկերվում է Շողակաթի տոնի դիմաց՝ համահունչ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությանը»:
Տեսիլով կերպավորված տաճարը
1596 թ. Վանում Խաչատուր Խիզանցու ընդօրինակած «Յայսմաւուրք» ժողովածուի մեջ (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռգ. հմր. 4681, թերթ՝ 3բ) Շողակաթի տոնի դիմաց ևս պատկերված է Լուսավորչի տեսիլով հիմնված Սուրբ Էջմիածինը: Որպես այդ օրվա տոնի պատմության վերնագիր գրված է. «Տօն է Շողակաթին՝ իջման Միածնին Բանին Աստուծոյ ի Վաղարշապատ քաղաքին»: «Յայսմաւուրքներին» բնորոշ ձևով այս ձեռագիրը ևս բավականին մեծադիր է, և նույն այդ էջի դիմացի լուսանցքում էլ՝ այս խորագրի ուղիղ դիմաց, պատկերված է եկեղեցու խորհուրդն իրենում կրող Կաթողիկեն:
Լուսավորիչը, Վաղարշապատի հնձանում հավաքված ժողովրդին պատմելով իր տեսած տեսիլը, ասում է, որ վեր «նայելով տեսա երկնքի հաստատությունը բացված»: Այս խոսքերի հետևողությամբ թե՛ այս և թե՛ համաբնույթ պատկերներում վերևի կիսաշրջանը խորհրդանշում է տեսանելի երկնքից այն կողմ գտնվող աստվածային երկինքը:
Մանրանկարում երկնային կիսաշրջանով իրարից տարանջատված են երկնային երկինքը և կիսաշրջանից վեր գտնվող աստվածային երկինքը: Տեսիլում այնուհետև ասվում է. «Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջապահն էր, ձեռքին ուներ ոսկե մի մեծ կռան»:
Շողակաթի տեսիլի բոլոր պատկերներում այս խոսքերի հետևողությամբ երկնային բացված կամարով վար է խոյանում Աստծու Միածին Որդին՝ ոսկե կռանը ձեռքին:
Աստվածային երկնքի ներքո վեր է բարձրանում երկնային ճարտարապետի տեսիլով կերպավորված Ս. Էջմիածինը, իսկ ներքևում Ս. Գրիգորից օրհնություն ու բժշկություն են ստանում հայոց Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին՝ համակ խոնարհություն արտահայտող կեցվածքով:
Նման ձևով արքայական ընտանիքը Արածանիում է՝ մկրտության ժամանակ, և Տրդատի ու Աշխենի հետ միասին պատկերվում է նաև Խոսրովիդուխտ արքայաքույրը: Քանի որ նա իր անձը նվիրել էր կուսական կյանքին, ուստի պատկերվում է գլխաշորը գլխին և հանդարտ, առաքինի հայացքով, իսկ Աշխենը՝ թագուհու փայլով:
Այստեղ, սակայն, կա մի հակասություն: Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատունը կառուցվել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի գահակալության շրջանում (կթղ. 1655-1680 թթ.), հետևաբար 1596 թ. մատյանում չէր կարող պատկերված լինել: Ձեռագրում զանգակատունն այնքան նման է այժմյան զանգակատանը, որ կասկած չի կարող լինել, թե նկարիչը երևակայությամբ է պատկերել այն, առավել ևս, որ Լուսավորչի տեսիլը հիմք չի տալիս պնդելու, որ ըստ տեսիլի նկարիչը ավելացրել է այն: Երևում է նաև զանգակատան երկրորդ հարկի Սրբոց Հրեշտակապետաց ընծայված Սուրբ Սեղանը, ուստի կարելի է ենթադրել, որ այս թերթը հետագայում է նկարվել և ավելացվել ձեռագրին:
Մանրանկարը մի փոքր վերափոխմամբ փորագրանկարի է վերածվել Գրիգոր Մարզվանեցու 1706 թ. Կ. Պոլսում տպագրված «Յայսմաւուրք»-ում, ուր կատարվել են պատկերագրական երկու էական հավելումներ: Առաջին՝ պատկերի վերին ձախ անկյունում աստվածային երկնակամարում ավելացվել է հրեշտակների դասը՝ համաձայն Լուսավորչի տեսիլի, ուր ասվում է, թե Քրիստոս իջավ հրեշտակների բազմությամբ:
Փորագրանկարը յուրահատուկ է նրանով, որ Քրիստոսի էջքը ներկայացնող հատվածում Սուրբ Հոգին է, իսկ Քրիստոս ուղղակիորեն պատկերվում է տաճարի ներսում, Իջման Սուրբ Սեղանի տեղում ոսկե կռանը՝ մուրճը բարձրացրած, սանդարամետը ավերելու համար:
Փորագրանկարի ներքևում գտնվող մակագրությունում ասվում է. «Թող լսեն ի Քրիստոս բոլոր հավատացյալները: Ճշմարտապես Ս. Էջմիածինն է կաթողիկե և առաքելական բոլոր եկեղեցիների մայրը: Ծառան չի կարող լինել որպես Տեր. Սուրբ Գրիգոր, Տրդատ, Խոսրովիդուխտ. 1155 [1706 թ.]»:
Այս տողերը գրված են ակնհայտ չափազանցությամբ և պայմանավորված են Հռոմի կողմից Հայոց եկեղեցուն ներկայացվող միության պահանջին հակազդեցությամբ:
Տրդատի մկրտության պատկերներում եթե երկու կանայք են պատկերված լինում, ապա պարզ է, որ մեկն Աշխեն թագուհին է, իսկ մյուսը՝ Խոսրովիդուխտ արքայաքույրը: Երբ, սակայն, մեկն է միայն լինում, անորոշ է մնում, թե ով է պատկերված: Այս պատճառով մակագրության բացատրական մասում ասվում է, որ Խոսրովիդուխտն է: Մակագրությունից իմանում ենք նաև, որ հիշյալ փորագրանկարը պատրաստվել է 1706թ։
Մանրանկարում՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլը և Ս. Էջմիածնի հիմնարկումը
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր