Մասիս քաղաքում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ
Նմանատիպ
Արձագանքելով սեպտեմբերի 30-ին մամուլում հրապարակված «Մասիսի գարշահոտությունը Նաիրիտի հրդեհի հետևանք» վերտառությամբ նյութում տեղ գտած ահազանգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մասնագետներից կազմված օպերատիվ խումբը նույն օրը Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների հետ իրականացվել են ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի և Մասիս քաղաքի հարակից տարածքների կոյուղաջրերի հեռացման համակարգերը:
Տեղի բնակիչների խոսքերով՝ վերջին երկու օրվա ընթացքում հոտը նվազել է:
Նախորդ օրերի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցների կողմից տեխնիկական կոյուղուց վերցված հեղուկի և օդային ավազանից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հեղուկում և մթնոլորտային օդում առկա մի շարք նյութեր զգալիորեն գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները։
Փորձաքննություն անցած հեղուկի մեջ հայտնաբերված միացությունների բաղադրությունը բացառում է այն պնդումը, որ դրանում առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ:
Մասիս քաղաքում առաջացած խնդրի վերացման աշխատանքները համակարգում է ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի անդամներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բնապահպանոթյան նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշատակիցները։ Աշխատանքային խումբ գլխավորում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:
Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում