Պաշտոն զբաղեցնողը հայտարարագրում պետք է տեղեկություններ ներկայացնի զինծառայության վերաբերյալ. ՊՆ
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստվում է առաջ տանել միտքը, որ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցնել ցանկացող յուրաքանչյուր ոք իր հայտարարագրում պետք է ներկայացնի տեղեկատվություն իր և իր հետ փոխկապակցված անձանց զինվորական ծառայության վերաբերյալ:
Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքն այդ քայլին գնալու է՝ հաշվի առնելով, որ դա հասարակության համար գերզգայուն թեմա է և հանդիսանում է սոցիալական արդարության, հավասարության և զինված ուժերի նկատմամբ վստահության կարևոր ցուցիչ: «Ես կարծում եմ, որ առաջին փուլում դա բավարար է լինելու հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ այս խնդրի վրա սևեռելու համար, ինչը կնպաստի գաղափարի կենսունակությանն ու արդյունավետությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ հայտարարագրումն անմիջական գործընթաց չէ, այն հենց հաջորդ օրը արդյունք չի տալիս, սակայն տարիների ընթացքում ձևավորվում է որոշակի վարվելակերպ: «Ես համոզված եմ, որ սա կարևոր ծրագիր է և ներդրման դեպքում ունենալու է դրական ազդեցություն»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում