Ստորագրվելիք համաձայնագիրը կօգնի խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ. Յոհանես Հան
Նմանատիպ
Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ եւ կայուն Հայաստան, որը կնպաստի հարեւանության հետագա կայունացմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հան:
«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի եւ առաջինն է Երեւանում, այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, որը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որը կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են, որովհետեւ այդ ծրագրերի տեսանելիությունն է ապահովվում, այսինքն՝ Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում: Այդ կայունությամբ եւ կարելի է ասել, այդ ոգով Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ եւ խորացված գործընկերության նոր համաձայնագիրը: Դա, ինչպես նաեւ գործընկերության գերակայությունները կամրապնդեն եւ կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հանը՝ հիշեցնելով, որ Արեւելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արեւելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերության գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:
Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաեւ մյուս երկրների համար: «Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-ընդգծեց նա:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում