Արթուր Ոսկանյան. Պատրաստ չենք գնդակն արագ խաղարկել
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփեց 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ջիբրալթարի հետ տնային հանդիպումը (1:0):
Այսօր հայկական թիմը սովորականի համեմատ ավելի սպառնալից էր ստանդարտ իրավիճակների ժամանակ, ինչի առիթով մարզիչն իր կարծիքն արտահայտեց․
«Խաղային իրավիճակներից լավ պահեր ունեինք, սակայն ստանդարտներն ավելի վտանգավոր էին: Պատճառն այն է, որ մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով լավ վիճակում չեն, որպեսզի գնդակն արագ տեղաշարժեն և խաղից սպառնան մրցակցի դարպասին: Խնդիրը մեր առաջնության մակարդակի ու խաղացողների կարողությունների մեջ է: Լավ խաղացողներ ունենք, սակայն արագության տակ իրենց որակները ցույց տալը լրիվ այլ պատրաստություն է պահանջում: Առաջնությունում կարող են դանդաղ խաղալ, իսկ այսօրվա պես հանդիպումներում, երբ մրցակիցն ամբողջ թիմով է պաշտպանվում, հարկավոր է արագ գործել»:
Ոսկանյանի թիմը սովորաբար կարճ փոխանցումներով խաղ է դավանում, սակայն այսօր շատ էին նաև հեռահար փոխանցումները: Մարզիչը բացատրեց նման տակտիկայի պատճառը․
«Ուսումնասիրել էինք Ջիբրալթարի խաղը և գիտեինք, որ հետևի գծում ազատ տարածություններ են թողնում: Փորձում էինք գնդակը խաղարկելով նրանց ստիպել առաջ գալ, իսկ հետո երկար փոխանցումով կտրել պաշտպանությունը: Խոտանը շատ էր, բայց փոխանցումներ էլ տեսանք, որոնց կասեցումներն անհաջող էին»:
Առաջին կեսում վնասվածք ստացավ Ռոբերտ Հակոբյանը, ում հարկադրված փոխարինեցին: 41-ամյա մասնագետը պաշտպանի վնասվածքի լրջության վերաբերյալ դեռ տեղեկություն չունի․
«Ռոբերտը ծանր հարված ստացավ: Երկու օրից կստանանք բուժզննումների պատասխանը: Կարծում եմ` լուրջ բան չկա, շուտ կապաքինվի: Մեր հաջորդ խաղին չի մասնակցելու կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը, ով երրորդ դեղին քարտը ստացավ»:
Գրիգոր Աղեկյանն այսօր մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր գործում: Մարզիչը․ գոհ էր նրա խաղից․
«Որպես կենտրոնական հարձակվող՝ Աղեկյանը շատ լավ խաղ անցկացրեց: Ցավոք, գոլ չխփեց: Իսկ ընդհանուր թիմի համար իդեալական էր գործում»:
Զարմանալիորեն Հայկ Գալստյանն այսօր մեկնարկային կազմում չէր, սակայն առաջին կեսում փոխարինման մտավ և ակտիվացրեց թիմի խաղը: Հենց նրա վաստակած 11-մետրանոցը հաղթական դարձավ: Sport.Times.am-ը Ոսկանյանից փորձեց պարզել, թե որն էր «Շտուտգարտի» ֆուտբոլիստին մեկնարկային կազմում չընդգրկելու պատճառը/
«Հայկը երեկ է միացել մեզ: Նա երկու օր առաջ հանդիպման էր մասնակցել իր ակումբի կազմում, այդ պատճառով որոշեցինք նրան թողնել պահեստայինների նստարանին: Ծրագրել էինք Գալստյանի միջոցով երկրորդ կեսում ակտիվացնել թիմի խաղը: Այնպես ստացվեց, որ ավելի շուտ խաղադաշտ մտավ»:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-21 ընտրանին սեփական հարկի տակ մրցելու է Ավստրիայի իր հասակակիցների հետ: Ոսկանյանը հայտնեց, թե ինչպիսի խաղ է ակնկալում/
«Հասկանալի է, որ Ավստրիան մեր այսօրվա մրցակցի պես մեծ ուժերով չի պաշտպանվելու: Այլ տակտիկայով կգործենք: Նրանք պրեսինգի են դիմելու: Կաշխատենք օգտագործել այդ պատճառով առաջացած ազատ գոտիները: Պաշտպանությունում նույնպես պետք է ուշադիր լինենք»:
Հայկ Հովհաննիսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում