ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել են ՊԳԿ ընթացիկ և առաջիկա ծրագրերը
Նմանատիպ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության վերջին տարիների գործունեությունը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՊԳԿ փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը ներկայացրել է 2012-2015 թվականների ՊԳԿ առաջնահերթությունների ծրագրային շրջանակը, որը ներառում էր մասնավորապես փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների ապրուստի միջոցների մրցունակությանը, բուսաբուծությանը և բույսերի պաշտպանությանը, անասնապահությանը և կենդանիների առողջությանը, անտառային տնտեսությունների, ձկնաբուծության և ակվակուլտուրայի զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական վիճակագրությանն առնչվող հարցեր:
Գայանե Նասոյանն իր զեկույցում հանգամանորեն անդրադարձել է յուրաքանաչյուր ծրագրի շրջանակում ՊԳԿ կողմից իրականացված աշխատանքներին, գրանցված արդյունքներին: Նա ընդգծել է, որ 2012-2015 թվականների ընթացքում կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերին, այդ թվում՝ ծիրանի և խաղողի գենետիկ ռեսուրսների պահպանմանը և օգտագործմանը, Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողությանը, սպանդանոցների և անասնաբուժական ծառայություններին, անտառապատմանը և անտառավերականգնմանը, հացահատիկային մշակաբույսերի և սերմնաբուծության, գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացմանը:
2016-2020 թվականների ՊԳԿ առաջնահերությունների ծրագրային շրջանակում Գայանե Նասոյանը հատկապես կարևորել է բնական պաշարների կայուն օգտագործումը, աղետների ռիսկերի նվազեցումն ու կառավարումը, կենդանիների առողջությունը, բույսերի պաշտպանությունը և սննդամթերքի անվտանգությունը, ինչպես նաև պարենային և սնուցման ապահովությունն ու աղքատության կրճատումը:
Մասնավորապես կարևորվել են «Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» և «Ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործումը Հայաստանում» ծրագրերը:
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին հանդիպման ներկայացրել է այդ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, կատարված հետազոտությունները, մատուցված խորհրդատվական ծառայությունները, կազմակերպված դասընթացները, տպագրված գրքույկները, ուղեցույցներն ու տեղեկատվական թերթիկները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով հանդիպման մասնակիցները պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ` Հայաստանում ՊԳԿ ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկներն ուսումնասիրելու և դրանց շարունակականության ապահովման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում