Հայաստանի քաղաքական օրակարգում շարունակում է կարեւոր մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդման հարցը

Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը եւս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ Հայաստանի քաղաքական օրակարգում կարեւոր հարց է շարունակում մնալ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության ամրապնդումը: Ազգային ժողովում ընթացող նիստի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա ասելով՝ ի նկատի ունենք արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, Ցեղասպանության դատապարտումն ու ժխտողականության դեմ պայքարը: Վերը թվարկված շեշտադրումներ էին ՄԱԿ-ի գագաթնաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սկզբունքները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա հավաստմամբ՝ այս իրավիճակում, երբ կան տարածաշրջանային բազում մարտահրավերներ, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգին:

«Ոչ միայն պետք է վերանայենք մեր արտաքին քաղաքական գերակայությունները, այդ թվում՝ անվտանգային համակարգում, այլ պետք է խորացնենք մեր անվտանգության կապերը ՀԱՊԿ-ի հետ»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակն՝ այս համատեքստում կարեւորելով ՀԱՊԿ-ի՝ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները, որոնք եւս մեկ անգամ կկարեւորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը Հայաստանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում