«Դաշնամուրամարտ»՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հետ համատեղ ներկայացնում է համաշխարհային պրեմիերա՝ «Դաշնամուրամարտ»:Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նվագախմբից տեղեկանում են, որ Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգին ելույթ են ունենալու գերմանացի դաշնակահարներ Անդրեաս Քեռնը և Պաուլ Ցիբիսը:

«Piano Battle-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ միասին կներկայացնեն «PIANO BATTLE meets ORCHESTRA»-ի համաշխարհային պրեմիերան:

Համերգը կկայանա Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, ինչպես նաև կեզրափակի «Գերմաներենի շաբաթ» միջոցառումների շարքը:

Իրենց կենդանի շոու-համերգի նոր՝ երրորդ հայեցակարգով դաշնակահարներ Անդրեաս Քեռնը և Պաուլ Ցիբիսն իրենց մրցելույթի երրորդ կողմ են դարձնում նվագախմբին:

Տարբեր գործիքային խմբեր «զենք» են դառնում, որոնց կարելի է ընտրել և կիրառել յուրաքանչյուր հաջորդ ռաունդում: Ինչ-որ ժամանակ երկու գլխավոր անձինք՝ դաշնակահարները, սկսում են անգամ չափ տալ, ինչը ձախողվում է, և, այսպիսով, և’ նվագախումբը, և’ հանդիսականները պահանջում են, որ բեմ դուրս գա իսկական դիրիժորը: Ու թեև նվագախումբն ակտիվորեն ներգրավված է համերգին, հանդիսականներն են, որ վճիռ են կայացնելու, թե ով է հաղթողը:

Ռախմանինովն ընդդեմ Շոպենի, Մոցարտն ընդդեմ Վագների, Բեթհովենն ընդդեմ Սեն-Սանսի, իսկ ամենավերջում կհնչի «Աստղային պատերազմներ» կոնցերտը: Զվարճալի, կրթական, բայց և այնպես՝ լուրջ երաժշտական մատուցում, երբ PIANO BATTLE-ը հանդիպում է նվագախմբին»,- այսպես է նկարագրվում միջոցառումը:

Հիշեցնենք, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում