«Զարմանալիորեն առեղծվածային մարդ»
Նմանատիպ
«Հիանալի դերասան, զարմանալիորեն առեղծվածային մարդ»: Այսպես է բնութագրել դերասան, ռեժիսոր, սցենարիստ Վենիամին Սմեխովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ում 82-ամյակը լրանում է այսօր։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Եթե ես լինեի միայն հանդիսատես (ես նրան տեսել եմ «Բարև, ես եմ» ֆիլմում), ընդմիշտ կմնայի վիթխարի տաղանդի երկրպագու: Իմ բախտը շատ է բերել կյանքում, մենք արդեն վաղուց խոսում ենք «դու»-ով»,- nsn.fm –ին ասել Վ. Սմեխովը:
Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ դերասանը հայրենական մշակույթի էջերում գրել մի շարք փառահեղ էջեր:
Ա. Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։
Դպրոցական տարիներին հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС – государственный институт театрального исскуства), սակայն անհաջող։
Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։
1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնիղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։
Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։
Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։ 1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան թատրոնում, որի բեմում նա, մասնավորապես, խաղացել է Սթենլի Կովալսկու դերը «Ցանկությունների տրամվայ» և Մեծ Պա՝ Տ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքում», Սոկրատ՝ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատի հետ», գեներալ Խլուդով՝ Միխայիլ Բուլգակովի«Վազք» ներկայացումներում։
1996 թվականի սեպտեմբերին Ջիգարխանյանը հեռանում է Մայակովսկու անվան թատրոնից, սակայն շարունակում է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում։
Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։
1996 թվկանին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։
Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում):
Հետևեք մեզ նաև Telegram-ում