Շուշի. Վերածնվող մշակույթ
Նմանատիպ
Եթե հային հարցնես, թե որն է իր ժողովրդի երկարակեցության գաղտնիքը, նա միանշանակ կպատասխանի՝ մշակույթը։ Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովուրդն անվտանգության, ազգի պահպանման և զարգացման խնդիրները լուծել է կրթության, մշակույթի ու հոգևոր արժեքների միջոցով։ Արդյունքում պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում ծաղկում ապրող քաղաքները հետզհետե վերածվել են մշակույթի և հոգևոր կյանքի կենտրոնների։ Այդպիսի մի կենտրոն է նաև Արցախի զարդ Շուշին։
Ապառաժե անառիկ սարահարթի վրա գտնվող այս քաղաքը հինավուրց ժամանակներից դարձել էր հայ իշխանների կարևոր հենակետերից մեկը։ Շուշիում պահպանված ամենահին տապանաքարերը վկայում են, որ արդեն 8֊9֊րդ. դդ. բնակավայրը եղել է հայկական մշակույթի և քրիստոնեական արժեքների ձևավորվող օջախ։ Հենց այդ ժամանակներից էլ Շուշին՝ որպես Քուռ֊Արաքս գետերի հովտում գերակա դիրք ունեցող ամրոց հայտնվում է օտար նվաճողների ուշադրության կենտրոնում։ 13֊րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալյանը բանակցում էր մոնղոլների Մանգու խանի հետ, որպեսզի վերջինս ետ վերադարձնի քաղաքն իր իսկական տերերին՝ հայերին։
Որպես հոգևոր մշակույթի արդեն ձևավորված կենտրոն Շուշին առաջին անգամ հանդես է գալիս 1420֊ական թթ. սկզբներին։ Քաղաքի Սբ. Աստվածածնի եկեղեցին այդ շրջանում վերածվում է հայկական գրչության զարգացման խոշոր օջախի։ Հենց այդ տարիներին է Շուշիում աշխատում միջնադարյան հայտնի գրիչ և ծաղկող Տեր Մանուելը, որի ստեղծած Ավետարանը հայկական գրարվեստի լավագույն կոթողներից է։ Սբ. Գրքի հիշատակարանում հոգևորականը նշում է, որ գործն ավարտել է 1428թ.֊ին՝ Ամարասի վիճակի Շուշի կոչվող գյուղում սբ. Աստվածածնի հովանու ներքո, Տեր Հովհաննեսի կաթողիկոսության ժամանակ։ Շուշիի Սբ. Աստվածածնի եկեղեցու հովանո ներքո ստեղծված հաջորդ ավետարանը, որը մեզ է հասել քաղաքից, գրվել է 1575թ.֊ին։
18֊րդ դարի առաջին կեսին Ավան զորավարը վերակառուցում է Շուշիի միջնաբերդն ու պարիսպները՝ քաղաքը վերածելով Արցախի հայ իշխանների կարևոր ռազմական հենակետերից մեկը։ Նախապատրաստական այս աշխատանքների շնորհիվ Ավան զորավարը 1726թ.֊ին Շուշիի մատույցներում կարողանում է կանգնեցնել Օսմանյան 40.000֊ոց բանակի առաջխաղացումը։ 8 օր տևած ճակատամարտում թուրքական բանակը ջախջախիչ պարտություն է կրում և հեռանում Արցախից։
Շուշիի հզորացումը նպաստում է նաև քաղաքում մշակութային և հոգևոր կյանքի աննախադեպ վերելքին։ 18֊րդ դարի երկրորդ կեսից հատկապես 19֊րդ դարի սկզբից Շուշին վեր է ածվում հայ ժողովրդի մշակութային ամենամեծ կենտրոններից մեկը։ 1822թ.֊ին քաղաք են այցելում հայոց կաթողիկոսներ Եփրեմն ու Ներսես Աշտարակեցին, ովքեր Պատարագ են մատուցում քաղաքի սբ. Աստվածածնի եկեղեցում։
Նույն ժամանակաշրջանում Շուշիում ստեղծվում են տպարաններ, դպրոցներ, թատրոն, կառուցվում նոր եկեղեցիներ։ 1827֊1920թթ. քաղաքում տպագրվում են հարյուրավոր գրքեր։ Շուշիում լույս են տեսնում նաև ավելի քան 20 անուն թերթեր, ամսագրեր։
Կովկասի Ջիբրալթար, Հայկական փոքրիկ Փարիզ… բերդաքաղաքն այսպիսի անուններով են կնքում 19֊րդ դարի Շուշիի եվրոպացի այցելուները՝ գերմանացի բարոն ֆոն Գակստհաուզենը, ռուս գեղանկարիչ Վերեսչագինը և այլք։ Շուշիում են ծնվել հայ մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին պատմաբան Լեոն, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, արձակագիր Մուրացանը։ Իրենց գործունեության տարբեր հատվածներում քաղաքի դպրոցներում դասավանդել են նաև Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, Հրաչյա Աճառյանը և հայ մշակույթի այլ ականավորներ։
1848թ.֊ին շուշեցի ուսանողները քաղաքի ամբարը վերածում են թատրոնի և տարբեր ներկայացումներ բեմադրում։ Շուտով քաղաք է գալիս նաև հայտնի թատերական գործիչ Գևորգ Չամչյանը, ով 1865թ.֊ին շուշեցիներին է ներկայացնում «Սամվել», «Վարդան Մամիկոնյան» և «Միհրդատ» ողբերգությունները։ Իսկ 1891թ. շուշեցի մեծահարուստ Մկրտիչ Խանդամիրյանը հիմնում է 350 տեղանոց եռահարկ թատրոնի շենքը, որտեղ բեմադրվում էին հայ, ռուս և եվրոպացի հեղինակների բազում գործեր։
19֊րդ դարում քաղաքում գործում էին Ժամհարյանների քաղաքային հիվանդանոցը, սբ. Մարիամի օրիորդաց դպրոցը, Շուշիի ռեալական ուսումնարանը։ Նույն ժամանակաշրջանում քաղաքում կառուցվում է ևս 5 եկեղեցի։ Բնակավայրի զարդն է դառնում 1868֊ից 1887թթ. Կառուցած Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին։
20֊րդ դարի սկզբին՝ 1905֊1906թթ. և 1918֊1920թթ. հայ֊թաթարական բախումների ընթացքում, Շուշիի մշակութային վերելքը ժամանակավորապես կասեցվեց։ Այդ տարիներին հրկիզվում է քաղաքի հայկական թաղամասը, ավիրվում մշակութային բազում օջախներ։ Դրան հետևում է խորհրդային իշխանությունը, որի ընթացքում քաղաքը հանձնվել էր ադրբեջանցիների տնօրինմանը։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, օգտվելով առիթից, Շուշիում փորձում է վերացնել հայ մշակույթի հետքերը։ Ի թիվս այլ օջախների՝ քանդվում է նաև միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտորն սբ. Աստվածածին եկեղեցին։
Ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր 1992թ.֊ին, երբ քաղաքը վերստին վերադառնում է իր տերերի՝ Արցախի հայության գիրկը։ Առաջին հերթին վերականգնվում է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հետո Հովհաննես Մկրտչի Կանաչ ժամ եկեղեցին, դպրոցներն ու մշակույթի այլ օջախներ։
Ավերակներից վեր հառնող Շուշին այսօր կրկին վերագտնում է իր նախկին նշանակությունը և վերածվում համահայկական մշակութային կենտրոնի: 2012 թվականին ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխվեց Շուշի, որով վերջինս հռչակվեց որպես մշակութային մայրաքաղաք: Նախարարությունն այժմ տեղակայված է սբ. Մարիամի օրիորդաց դպրոցի շենքում։
Այսօր Շուշին ունի իր մշակութային օջախները և ձևավորվող մշակութային ավանդույթները: Վերջին տարիներին կազմակերպված կարևորագույն միջազգային միջոցառումներից էր 2012 թվականին իրականացած «Շուշի արտ փրոջեքթ» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր հսկայական ցուցահարթակ, ուր իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից: Բացի այդ, կարևորագույն մշակութային իրադարաձություն է արդեն իսկ ավանդական դարձած «Խաղաղություն Արցախին» խորագրի ներքո անցկացվող «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում են տասնյակ քանդակագործներ Արցախից, Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ճապոնիայից, Իտալիայից և աշխարհի շատ այլ երկրներից։
Շուշիում այսօր գործում է 4 թանգարան՝ պատմաերկրագիտական, կերպարվեստի, քարերի, գորգերի, որտեղ ներկայացված են Շուշիի պատմությունը, ավանդույթները, գորգագործության մշակույթը և այլն: Վերջին տարիներին այստեղ մեկ տասնյակից ավել մշակութային օջախներ են հիմնվել՝ արվեստանոցներ, համերգասրահներ, ստեղծագործական կենտրոններ։ Քաղաքում զարկ է տրվել նաև կրթական կյանքին։ Արցախի Կառավարության որոշմամբ այստեղ կառուցվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Քաղաքում իր հյուրընկալ դռներն է բացել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղը:
Սակայն այսքանով չի սահմանափակվում ժամանակակից Շուշիի մշակութային ձեռքբերումների ցանկը։ 2013թ.֊ից ի վեր՝ Արցախի անկախության տոնին, հենց այս բերդաքաղաքում են ներկայացվում հայկական օպերաների առաջնախաղերը։ Այսպես, 2013թ.֊ին սեպտեմբերի մեկին Ռեալական վարժարանի շենքի դիմացի բակում կայացավ ծագումով շուշեցի հեղինակ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան։ Գեղեցիկ այս ավանդույթը շարունակվեց 2014թ. և 2017թ. Սեպտեմբերյան տոներին, երբ Շուշիում ներկայացվեցին Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» և Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերաները։ Պրեմիերաները կայացել են Ռեալական վարժարանի և Շուշիի բերդի տարածքում։ Հայկական օպերաների՝ Շուշիի առաջնաղախերում ներկա են գտնվել Հայաստանի և Արցախի ղեկավարները, մշակույթի ու կրթության ականավոր գործիչներ, հարյուրավոր հյուրեր հայկական երկու պետություններից և արտասահմանյան երկրներից։ Օպերաների այս բեմադրությունները Շուշիին վերադարձրին համահայկական մշակույթի կենտրոնի նախկին փառքը։
Առաջիկայում նախատեսվում Շուշիի պատմա-ճարտարապետական հուշարձանների հիմնարար վերականգնում և արդեն մի քանի տարի անց երբեմնի մշակութային կենտրոնը զբոսաշրջիկներին, ուսանողներին և արվեստագետներին կներկայանա պատերազմի հետևանքները լիովին թոթափած և ծաղկուն քաղաքի տեսքով:
Հայ մշակույթի կարևոր այս օջախը շարունակում է պատվով իրացնել իր առաքելությունը։ Շուշիում ամեն օր կերտվում է ապագայի հայը։ Այստեղ է ձևավորվում մեր ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքների կարևորագույն շերտերից մեկը։ Այն, որը պատասխանատու է մեր ինքնության պահպանման ու հարատևման համար՚ Եվ դա արվում է մեծ սիրով ու նվիրումով, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ հազարամյակներ անց էլ հայ մարդը կպատասխանի, որ իր ժողովրդի երկարակեցության գաղտնիքը ազգային մշակույթն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում