Բուլղարիայի մի խումբ ուխտավորներ այցելեցին Մայր Աթոռ
Նմանատիպ
Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուլղարիայից մի խումբ ուխտավորների՝ ուղեկցությամբ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Յակուբյանի: Այս մասին տողեկացնում է ter-hambardzum.net-ը։
Խումբը, որի կազմում էին Բուլղարիայի ազգային գործիչներ, արվեստի ներկայացուցիչներ և խորհրդարանի պատգամավորներ, Հայաստան է ժամանել մասնակցելու նաև Ամենյան Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո, Սոֆիայի ու Հայաստանի Ազգային պատկերասրահների ջանքերով կազմակերպված հանրահայտ բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վերհիշեց Բուլղարիա կատարած իր հովվապետական այցը՝ ընդգծելով, որ ականատեսն է դարձել բուլղարահայ համայնքի հավատավոր ընթացքին, Հայ Եկեղեցու շուրջը համախմբվելու և ազգային արժեքներով ապրելու նրա ձգտումին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաև, որ Բուլղարիայի հայկական համայնքը ունի հարուստ պատմություն և մշտապես իր կարողություններով մասնակից է դարձել երկրի զարգացմանն ու առաջընթացին:
Նորին Սրբությունն արձանագրեց, որ Սփյուռքի հայկական համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում իրենց հյուրնըկալած երկրների և հայրենիքի միջև սերտ, բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:
Անդրադառնալով լուսահոգի Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսին` Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր կազմակերպիչներին` շեշտելով, որ նման մշակութային միջոցառումների անցկացումը միմիայն նպաստում երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ նմանօրինակ այցելությունները ևս խթան կդառնան թեմական կյանքի աշխուժացման, ինչպես նաև հայ-բուլղարական կապերի առավել սերտացման ու ամրապնդման համար:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում