Վարդան Հարությունյանը գոհ է ավելացված արժեքի հարկի վճարումների գործընթացից
Նմանատիպ
Միայն օգոստոս ամսին ավելացված արժեքի հարկ է վճարվել 1 մլրդ 857 մլն դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ 9 ամսվա գործունեության արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այս ամսվա արդյունքները դեռեւս պատրաստ չեն, սակայն կարծում եմ՝ ավելի գոհացուցիչ կլինեն, որովհետեւ մեր տնտեսավարողները գնալով հասկանում են, որ համապատասխան փաստաթղթային ձեւակերպում ունենալու դեպքում իրենք կարողանում են իրենց շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն, որ պետք է վճարեին փաստաթուղթ չլինելու փոխարեն, այժմ վճարել 1.5 տոկոս եւ զերծ մնալ հարկային մարմինների ավելորդ վարչարարությունից»,– ասաց նա:
Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, ապրիլի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով մինչև 20 մլն դրամ գումարի վերադարձի հայտերով 89 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար:
«2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 153 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի՝ ավելի քան 40 մլրդ 693 մլն դրամ գումար: Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց է վերադարձվել դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի՝ ավելի քան 412 մլն դրամ գումար: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 41 մլրդ դրամ, ինչն ավելի քան 21%-ով կամ ավելի քան 7 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումարներն օրենքով նախատեսված մինչև 180 օրվա ընթացքում վերադարձնելու պայմաններում փաստացի վերադարձվել են միջինը 67 օրվա ընթացքում: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատված նույն ցուցանիշի հետ համեմատած՝ այն միջին հաշվով կազմել է 99 օր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում