Կինոյում շատ ենք հետ մնացել. Հարություն Խաչատրյան
Նմանատիպ
Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք միության համագումարում հանդես է գալու որպես կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իր ծրագիրը վերնագրված է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա շատ է կարևորում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը:
«Այսօր մեծ ուշադրություն չի դարձվում մշակույթին, ստեղծագործողներին»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ այսօր՝ քաղաքական մեծ կռիվների մեջ՝ Ղարաբաղի անկախության, պատերազմի, պատերազմի վտանգի, զենքի, մոռանում են, որ կինոն Հայաստանի, հայ ժողովրդի համար կարևոր զենքերից մեկն է, չի կարելի աչքաթող անել, բաց թողնել կարևորագույն՝ «Կինոյի մասին» օրենքը, որը պետք է ընդունվի:
«Տասնյակ տարիներ այս օրենքը չի ընդունվել, որովհետև երբեք կարևոր չեն համարել կինոն, արհամարհել են կինոյի կարևորությունը, կամ մենք չենք կարողացել իրենց ներկայացնել, թե ինչքան կարևոր է կինոն, կամ չենք ունեցել այնպիսի հաջողություններ, որ իրենց ստիպի մտածել դրա շուրջ: Կինեմատոգրաֆիստները պետք է լինեն և սխալ մշակութային քաղաքականությանը դիմադրող ուժ, և համագործակցեն հետները, որպեսզի օգնեն նրանց, քանի որ մասնագետներ չեն:
Կինոյում շատ ենք հետ մնացել, աշխարհից հետ ենք մնացել, նաև տարածաշրջանից»,- ասաց Հ. Խաչատրյանը:
Նրա խոսքով, այսօր կինոարտադրությունը, կինոփառատոները լրիվ առանձին են, կինոմիությունը լրիվ առանձին, չկա միավորող ուժ:
«Կցանկանայի, որ Կինոմիությունը իր շուրջ հավաքեր բոլորին, մասնակցեր օրենքի կայացմանը, արտադրությանը, կինոքննադատների հավաքվելուն, լուրջ անալիզ անելուն՝ ինչ է նշանակում այսօրվա հայկական կինոն, արդյոք ունենք, թե չունենք:
Այսօր կինո պետք է ամեն մի ազգի, որը պատմելու բան ունի, ունի մշակույթ, թերություններ»,- ասաց Հարություն Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում