Դմիտրի Մեդվեդեւը չի հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում չի հանդիպել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման հնարավորության մասին «Արմենպրես»-ի’ երեկ ուղարված հարցմանը:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՌԴ կառավարության լրատվական ծառայության պատասխանում:
Րաֆֆի Հովհաննիսյանը տիկնոջ եւ որդու հետ մեկօրյա այցով մեկնել է Մոսկվա, իսկ այն մասին, թե ինչ է անելու եւ ում հետ է հանդիպելու Հովհաննիսյանը Մոսկվայում, պաշտոնական որեւէ տեղեկություն չի հաղորդվել:
Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի նպատակները չհստակեցրեց նաեւ «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Այս պահին մենք չենք կարող մեկնաբանություններ տալ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան հանդիպումների հետ կապված»: Հովսեփ Խուրշուդյանը նաև ասել է, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքն անպայմանն կկայանա, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մինչեւ հանրահավաքի մեկնարկը Հայաստանում կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում